Ամանորը՝ մեծ ընտանիքով, սեղանին՝ պարտադիր դոլմա, Հյուսիս-հարավը՝ նպատակ․ ինչպես է դիմավորում Նոր տարին ՏԿԵ նախարարը

Zarkerak.am-ն Ամանորի խորհրդի, տոնը նշելու, ամենասպասված նվերի, 2025 թվականի ձեռքբերումների և այլնի մասին զրուցել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հետ:

-Որքանո՞վ է նախարար Դավիթ Խուդաթյանը հասցնում մասնակցել ամանորյա պատրաստություններին (առևտուր, տոնածառ զարդարել, նվեր գնել):

-Տոնական առևտրին, տոնածառ զարդարելուն և ամանորյա մնացած եռուզեռին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չեմ հասցնում մասնակցել։ Երբեմն հասցնում եմ միայն նվերներ գնել։ Այս տարի, երբ մեր ընտանիքը տոնածառն էր զարդարում, ես երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էի։

-Արդյո՞ք ունեք ավանդական ուտեստ կամ խմիչք, որը պարտադիր է Ձեր Ամանորի սեղանին։
-Մեր սեղանին պարտադիր պետք է դոլմա լինի, մնացածը՝ ինչպես բոլոր տոնական սեղաններին։

-Ինչպիսի՞նն է Ամանորի խորհուրդը Ձեզ համար, ավելի շատ որտե՞ղ եք սիրում նշել և ո՞ւմ հետ, արդյո՞ք կողմ եք ավանդական հայկական մոտեցմանը (գնալ միմյանց տուն շնորհավորել, սեղանին ունենալ խոզի բուդ, բլինչիկ, դոլմա):

-Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է։ Մենք սովորաբար Ամանորը նշում ենք հորեղբորս ընտանիքի, քրոջս ընտանիքի հետ միասին՝ մեծ կազմով։ Իսկ մեծ ընտանեկան հավաքույթների ժամանակ ամանորյա ավանդական սեղանն իր բոլոր բաղադրիչներով անխուսափելի է։

-Ամենահիշվող նվերը, որը ստացել եք Ձմեռ պապից, ամենատպավորիչ ամանորյա հիշողությունը:

-Տպավորիչ նվերներ շատ են եղել։ Փոքր տարիքում հիմնականում խաղալիքներ եմ նվեր ստացել և շատ ուրախացել։

-Ի՞նչ նամակ այսօր կգրեիք Ձմեռ պապին և ի՞նչ կցանկանայիք:

-Երևի բոլորի համար խաղաղություն և առողջություն կցանկանայի։

-Ամանորին ի՞նչ նվերներ եք գնելու Ձեր երեխաներին և ի՞նչ կուզեիք Դուք ստանալ:

-Երեխաներս լեգոներ են ուզել, և հենց լեգո էլ կգնեմ։ Վերջին ժամանակահատվածում շատ հետաքրքրված են լեգոներով, ինչը լավ է։ Իսկ թե ինչ կուզենայի ես նվեր ստանալ՝ չեմ մտածել, ինչ որ հատուկ բան չկա։

-2025 թվականին ձեր ոլորտում արված 3 բան, որով կարելի է հպարտանալ:

-Լավ որակով իրականացված 500 կմ ճանապարհի ասֆալտապատումը: Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսվում էր մինչև 2030թ. էներգահամակարգում ունենալ 1000 ՄՎտ գումարային հզորությամբ արևային կայաններ: 2025թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ էներգահամակարգին միացված արևային կայանների ընդհանուր հզորությունը կազմել է 1062.8 ՄՎտ։ Սուբվենցիոն ծրագրով մարզերում այս տարի 61 մլրդ-ից ավել աշխատանք ենք կատարել։ Ծրագրերը շատ-շատ են։

-Հայաստան այցելողին առաջինը ո՞ր մարզ կտանեք:

-Արմավիր (ծիծաղում է, նախարարը ծնունդով Արմավիրից է)։ Իրականում Հայաստանը շատ գեղեցիկ է, բոլոր մարզերում տեսարժան վայրեր կան։ Հայաստան այցելողներին վստահաբար առաջինը կտանեի Սյունիք։ Մենք վերջին տարիներին հետևողական կերպով բարեկարգում ենք զբոսաշրջային վայրեր տանող ենթակառուցվածքները, որպեսզի Հայաստանն էլ ավելի գրավիչ դարձնենք։

-Տոնական տրամադրություն Ձեզ մոտ ինչի՞ց է սկսվում՝ տոնածառից, երաժշտությունից, թե՞ ճանապարհների մաքրությունից։

-Վերջին երկու տարին ճանապարհների մաքրությունից (ծիծաղում է)։ Աշխատանքի բերումով առաջնահերթությունները փոխվում են։

-Եթե Ամանորի գիշերը կարողանայիք մի հրաշք գործել ու Հայաստանի մեկ ենթակառուցվածք ակնթարթորեն դարձնել իդեալական, ո՞րը կընտրեիք։

-Վստահաբար կուզենայի, որ Հյուսիս-հարավ նախագիծն ամբողջությամբ իրականություն դառնար։ Հյուսիսից հարավ ունենայինք ամբողջությամբ կառուցված ու բարեկարգված ճանապարհ՝ իր բոլոր թունելներով, կամուրջներով։ Դա մեր ամենաբարդ նախագիծն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ