![]()
Դեկտեմբերի 26-ին Գարիկ Գալեյանն ազատ է արձակվել:
Այս մասին հյատնել է Գալեյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ հունվարին հրապարակել էր մեղադրական վերդիկտ, ապա նաև դատավճիռը՝ դատապարտելով Գալեյանին ազատազրկման՝ 2 տարի, վճռի բողոքարկումից հետո՝ 1,5 տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերին Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել էր պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով:
Նախաձեռնված քրեական վարույթը միացվել էր ավելի վաղ Գ. Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթին։
Գարիկ Գալեյանը մեղադրվում էր ՀՀ նոր Քր. Օր․ 396 հոդվածի 1 մասի (առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) կամ պրեկուրսոր ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը կամ առաքելը) և ՀՀ նախկին Քր.Օր. 258 հոդվածի 3 մասի 1 կետի (խուլիգանություն) հատկանիշներով:
![]()