![]()
«Հայկական խորհրդի» նախագահ Արեգ Քոչինյանը չի ցանկանում մեկնաբանել իշխանության ընդդիմախոսների՝ ավելի վաղ արած այն մեկնաբանությունները, թե այս տարածաշրջանը ԱՄՆ-ին հարկավոր չէ, և որևէ խաղաղություն չի լինելու:
«Թույլ տվեք չմեկնաբանել մի խումբ լուսնոտների նարատիվները, մտնում ենք մի դաշտ, որտեղ մի խումբ կիսախելագարներ հայտարարություններ են անում, մենք էլ սկսում ենք քննարկել այդ հիմարությունները»,- ասում է նա:
Ըստ Արեգ Քոչինյանի՝ տարին մեծ փոփոխություններ է բերել տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:
«Քաղաքական բնույթի խոշոր տարաձայնություններ այլևս չկան, խաղաղության տեքստը համաձայնեցված է, և 2026 թվականին, հավանաբար, կտեսնենք դրա ստորագրությունը: Կա հումանիտար բնույթի հարց, որը ռազմագերիների հարցն է»,- նկատում է նա:
Վերջինս չի բացառում, որ մինչև ընտրություններ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:
Խոսելով «Մեր ձևով» շարժման անդամների այն հայտարարությունների մասին, թե Հայաստանին «ուժեղ ղեկավար է պետք», նա ասում է. «Երբ խոսում են ավելի ուժեղ բանակցողի մասին, մտքիս են գալիս նախորդ տարիների իրենց բանակցողները՝ Վարդան Օսկանյան, Էդվարդ Նալբանդյան և այլք, խղճահարությունից բացի՝ ոչինչ չեմ զգում. իրենք իրենց են գժի տեղ դրել, Ադրբեջանին, միջազգային հանրությանը, վերջում պարզվեց՝ գիժը մենք ենք, ամեն ինչ կոտրվեց մեր գլխին: Իրենց բանակցածն էլ գիտենք, իրենց էլ գիտենք, ինչի մասին է խոսքը»,- ասում է նա:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ զրուցակիցը նկատում է. «Եկեղեցին Հայաստանում դարձել է քաղաքական գործընթացների թատերաբեմ, ինչը խայտառակություն է»:
Քոչինյանը միաժամանակ ասում է, որ Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) եղբոր՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գործակալ լինելու վերաբերյալ փաստերի հանրայնացումը շոկային չէր, քանի որ շատերը գիտեին դրա մասին:
Խոսելով 2026 թվականին սպասվող ընտրությունների մասին՝ Արեգ Քոչինյանն ընդգծում է՝ «Հայաստանում չափահաս մարդը պետք է կարողանա տարբերակել Գյուլնազ տատու հեքիաթները քարոզարշավից»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()