Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ ժամանակավոր (6 ամիս ժամկետով) արգելք է սահմանվում մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում՝ ցորեն, մեսլին, գարի, եգիպտացորեն, հնդկացորեն, արևածաղկի սերմ, արևածաղկի ձեթ արտահանման նկատմամբ: Որոշումն ուղղված է ՀՀ պարենային անվտանգության և տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների մասով ներքին արտադրությունը չի բավարարում ՀՀ շուկայի պահանջարկը, ինչն ապահովվում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին։

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք սահմանելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Առաջարկվում է վեց ամիս ժամկետով արգելք սահմանել ՀՀ ծագում ունեցող սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանման նկատմամբ: Արդյունքում ակնկալվում է`Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավում, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավում, սիգի կայուն զանգվածի պահպանում, արդյունագործական որսի իրականացում։

Գործադիրն ընդունել է «ՀՀ տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների (խոշոր եղջերավոր անասունների միս, խոզի միս, ընտանի թռչունների միս և կաթնային շիճուկ) ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Կառավարությունն ընդունել է նաև «2026 թ. ընթացքում Սերբիայի Հանրապետությունից ՀՀ տարածք ներմուծվող սերբական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու մասին» որոշում: Հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշումը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սերբական ծագման առանձին տեսակի ապրանքների, մասնավորապես՝ պանիրներ՝ 2․0 տոննա, թրմօղիներ՝ 5000 սպ․ լիտր, ծխախոտ՝ 2000 հազ․ հատ Սերբիայի Հանրապետությունից ՀՀ ներմուծման քվոտայի ծավալների բաշխումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ