![]()
Կառավարությունը վերանայել է զինվորական ծառայության պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը՝ նպատակ ունենալով բացառել առողջական թեթև խնդիրների հիմքով տրվող անհարկի տարկետումները։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել կառավարության նիստում։
Նախագծի հիմքում դրված է այն մոտեցումը, ըստ որի՝ կլինիկական դրսևորումներ չունեցող, գործառույթների խանգարման չհանգեցնող և բժշկական միջամտություն չպահանջող ախտաբանական վիճակները չպետք է խոչընդոտ հանդիսանան զինվորական ծառայության համար։ Այս մոտեցումը հիմնավորված է միջազգային առաջադեմ փորձով, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Իսրայելի և Ավստրիայի զինված ուժերում կիրառվող չափանիշներով, ինչպես նաև միջազգային մասնագիտական ասոցիացիաների ուղեցույցներով։
Փոփոխությունների արդյունքում կանխատեսվում է զինակոչիկների թվի զգալի աճ մի շարք ուղղություններով։
Մասնավորապես, վահանաձև գեղձի թերֆունկցիայի բարենպաստ դեպքերը, սրտի զարգացման փոքր անոմալիաները, որոնք հայտնաբերվում են պատահական հետազոտությունների ընթացքում, ինչպես նաև ողնաշարի ոչ ագրեսիվ հեմանգիոմաներն ու արյան որոշ ժառանգական գործոնները՝ թալասեմիայի հետերոզիգոտ տեսակները, այլևս չեն հանդիսանա ծառայությունից ազատվելու կամ տարկետում ստանալու հիմք։
Նշված հիվանդությունների դեպքում նախատեսվում է ծառայություն սահմանափակումներով կամ հատուկ ռեժիմով, քանի որ դրանք բուժում չեն պահանջում և չեն խաթարում օրգանիզմի կենսագործունեությունը։
Նախագիծը նաև խստացված մոտեցում է սահմանում բարձր ռիսկայնություն ունեցող ախտաբանությունների նկատմամբ։ Ցանկում առաջին անգամ հստակ ներառվել են գլխուղեղի և ողնուղեղի վենոզ անգիոմաները, ինչպես նաև գլխուղեղի խոշոր չափերի կիստաները, որոնք նույնիսկ կլինիկական ախտանիշների բացակայության պայմաններում համարվում են վտանգավոր՝ ուղեղային հյուսվածքների հնարավոր սեղմման կամ կառուցվածքային խաթարման պատճառով։
![]()