![]()
Կառավարության վերջին նիստից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի տարածքով Հայաստան հասնող ներկրումներին և այդ առումով ադրբեջանական կողմին իր կողմից ցույց տրված վերաբերմունքին:
«Իրականում մի քանի բան է տեղի ունեցել. տեղի է ունեցել ցորենի ներկրման արգելքի վերացում, ընդ որում՝ սկզբից Ղազախստանի համար, հետո Ռուսաստանի համար: Հետո տեղի է ունեցել հաջորդ բանը․ արձանագրվել է, որ Հայաստանից էլ հակառակ ուղղությամբ երկաթուղի գնալու սահմանափակում չկա: Երրորդ բանն է տեղի ունեցել․ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել նավթամթերք վաճառել Հայաստանի գործարարներին, և այդ պատրաստակամությունն արտահայտվել է, այդ գնացքը եկել է և հայտնվել է շուկայում: Կարծում եմ՝ տարօրինակ կլինի, եթե մենք մեր վերաբերմունքը չարտահայտենք: Եվ ես, այո՛, արտահայտում եմ այդ վերաբերմունքը, ու կարծում եմ, ճիշտ եմ անում: Եվ ինչո՞ւ տարբեր տեղերում: Որ տարբեր տեղերում դա արձանագրվի, որովհետև դա կարևոր է նաև ԵԱՏՄ-ի համար»,- ասել է վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք տեղի ունեցող իրադարձությունների համար Ադրբեջանի նախագահին հրապարակայնորեն մի քանի անգամ տարբեր հարթակներից շնորհակալություն հայտնելը դիվանագիտական հնա՞րք է:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը այս իրավիճակում ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ է ստացել:
«Նախկինում երբեք ԵԱՏՄ-ի հետ երկաթուղային կապ չենք ունեցել: Սա էլ չորրորդ բանն է, որ տեղի է ունեցել: Իրականում շատ կարևոր է գնահատել տեղի ունեցածի մասշտաբը:
Ուզում եմ ցույց տալ, թե խաղաղությունը ինչ է, և ցույց եմ տալիս ու հայտարարում եմ, որ խաղաղությունը իրականություն է, և այդ խաղաղությունն ունի կոնկրետ արտահայտչաձևեր:
Հույս ունեմ՝ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն: Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի»,- եզրափակել է Փաշինյանը:
![]()