«Mercedes-Benz S 600» մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք. վարչապետ

«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը 2024 թվականի հուլիսի 1-ից էր նախատեսվում ներդնել, քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք, որ պատրաստ չենք, հետո հետաձգեցինք մինչև 2025 թվականի հունվարի 1-ը: Հետո նորից քննարկեցինք, քննարկեցինք, հասկացանք՝ էլի պատրաստ չենք: Հասկացանք, որ երբեք էլ պատրաստ չենք լինելու»:

Այս մասին Կառավարության 2025 թվականի վերջին նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր իրականության մեջ բան կա, որ ուզում ենք իդեալական պատրաստ լինենք, ունենանք «Mercedes-Benz S 600» մակարդակի մի բան, բայց հաշվի չենք առնում, որ S 600 մակարդակի բան կառուցելու համար պետք է «Запорожец» կառուցելու փորձ ունենանք: Այդպես չի լինում, որ միանգամից այդ կետից սկսենք»,- նշել է նա:

Ըստ վարչապետի՝ իդեալի ձգտումը երբեմն բերում է անգործության, և միֆերի մեջ չընկնելու համար պետք է դրանից հրաժարվել:

«Սիրելի՛ 1 մլն 600 հազար հայրենակիցներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկներ չգրոհել: Հիվանդանալն ուրիշ խնդիր է, որովհետև գրոհը հիվանդության մասին չէ: Մեր առողջապահական ապահովագրության համակարգը ստուգումների մասին է, դա ճիշտ ճանապարհ է, բայց էլի եմ ասում՝ պետք չէ հունվարի 1-ից գրոհ ձեռնարկել բժշկական հիմնարկների վրա, որովհետև ո՛չ հիվանդանոցներն են փախչելու, ո՛չ Կառավարությունը»,- հավելել է Փաշինյանը՝ խոսելով ներդրվելիք համակարգի մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ