![]()
«Մեր ձևով» շարժումը տարեվերջյան то ли հասարակական, то ли քաղաքական (էդպես էլ հստակ չիմացանք՝ սա քաղաքակա՞ն, թե՞ ապաքաղաքական շարժում է) «կորպորատիվ» էր կազմակերպել՝ ազդարարելով իր հետագա անելիքների մասին։ Իսկ անելիքը՝ իղձը, երազանքը, տենչն ու փափագը, բնականաբար, 2026-ի ԱԺ ընտրություններին մասնակցելն է։ Շարժման «գլխավոր շարժիչ» Նարեկ Կարապետյանը նշել է, թե գալիք տարվա սկզբին կազդարարեն իրենց կողմից ձևավորվելիք կուսակցության մասին, կասեն նաև վարչապետի անունը, որը, ըստ նրա, կլինի բավականին ընդունելի։ Թե արդյոք այդ թեկնածուն կունենա՞ Կարապետյան ազգանունը՝ Կարապետյան Նարեկը որոշել է չկոնկրետացնել՝ մինչև վերջ պահելով ինտրիգը, թե՝ քիչ է մնացել, սպասեք, կտեսնեք։
Տևական ժամանակ է՝ հանրության շրջանում խոսվում է այն մասին, որ «Մեր ձևով»-ի «ձևավոր» վարչապետացուն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է լինելու։ Մեկը, որը, հիշեցնենք, եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետը, մեկը, որին ճակատագրական պահին Սերժ Սարգսյանը «քցեց»՝ նրա փոխարեն ինքզինքը առաջադրվելով ու կարգվելով վարչապետ ու այսպիսով ապահովելով թավշյա հեղափոխության հաղթանակը։ Ու հիմա այս՝ մեկ անգամ արդեն փորձված ու իրեն սպառած թեկնածուն, որը թե Երևանի քաղաքապետի, թե վարչապետի պաշտոնում այդպես էլ լրիվ ժամկետով չպաշտոնավարեց, ներկայացվելու է որպես «ընդունելի» մատաղացու․․․ ներողություն՝ վարչապետացու։ Չգիտենք՝ որքանով են Կ. Կարապետյանի մասին տեղեկությունները համապատասխանում իսկությանը, բայց դրանք համառորեն շրջանառվում են վերջին օրերին, մենք էլ, անդրադառնալով դրանց, առաջնորդվում ենք հայտնի ասացվածքով՝ «մինչև խուփը չընկնի, զրնգոցը դուրս չի գա»։
Ի դեպ, Սամվել Կարապետյանի քաղաքական «ձեռնասուններից» մեկի անունով արդեն իսկ պետռեգիստրում գրանցվել է քաղաքական կուսակցություն, անունն էլ՝ «Հայամետ»։ Խոսակցություն կա, որ հենց այս կուսակցության միջոցով էլ մասնակցելու են ԱԺ ընտրություններին։
![]()