ՆԳ նախարարը «ՊիքսԱրտի» մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման աշխատանքները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 24-ին այցելել է «ՊիքսԱրտ» ընկերության գրասենյակ՝ հետևելու կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին։

Ինչպես հայտնել են նախարարությունից, Արփինե Սարգսյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության ստեղծարար ու տեխնոլոգիական հնարավորություններին, նորարարական լուծումներին։ Անդրադարձ է կատարվել Պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ՆԳ նախարարության հետ համագործակցությանը, ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու նախանշվել հետագա քայլերը։

Աշխատանքային քննարկմանը անդրադառնալով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին՝ Արփինե Սարգսյանը կարևորել է նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի ձևավորման աշխատանքներում ընկերության մասնագետների ներգրավվածությունը: Նախարարն ընդգծել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական և տեխնոլոգիական լուծումներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը՝ նպաստելով նորարարական լուծումներով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։

Քննարկմանը մասնակցել են ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, «ՊիքսԱրտ» ընկերության համահիմնադիրներ Միքայել Վարդանյանը և Հովհաննես Ավոյանը, Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գուրգեն Պետրոսյանը, ՆԳ նախարարության, ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ու «ՊիքսԱրտ» ընկերության ներկայացուցիչներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ