![]()
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ առողջապահության ընդհանուր ապահովագրման համակարգը շատ կարևոր է, քանի որ այն վերաբերում է բոլորին:
«Բնակչության 83 տոկոսը դրական է արձագանքել սրան, ինչը շատ լավ արդյունք է»,- ասում է նա:
Նախարարի խոսքով՝ նման մեծ բարեփոխումները հեշտությամբ չեն տրվում, սակայն նման ծրագրերը նպաստում են ոլորտի զարգացմանը. «2029 թվականին ողջ բնակչությունը կներառվի առողջապահության ապահովագրման համակարգում: Առաջնահերթությունները տվել ենք այն հիվանդություններին, որոնցից ավելի շատ են մարդիկ մահանում»:
Անդրադառնալով «Մեր ձևով» շարժման անդամների՝ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ հնչող քննադատություններին՝ Ավանեսյանն ասում է՝ խոստումներին պետք է չափ լինի, բայց նման մարդիկ կարծես կորցրել են այն:
«Էս անձի (-խմբ. նկատի ունի Նարեկ Կարապետյանին) հայրը Կառավարությունում նախկին իշխանության տարիներին եղել է շատ որոշիչ անձ, այն նկարները, որ տեսանք՝ քանդված զուգարանները աշխատողների համար (-խմբ. նկատի ունի ՀԷՑ-ի զուգարանները), կարծես թե մոռանում են, որ դա իրենց կառավարած հիմնարկի զուգարաններն են: Մանկական երազանքներ ունեն. երկնքից մանանա է թափվելու, բոլորը երջանիկ են լինելու, երևի աշխատելու կարիք էլ չի լինելու, ինչպես ինքը չունի: Մենք 2026 թվականին ոչ թե խոստումներով, այլ մեր կատարած աշխատանքով ենք ներկայանալու: Մեր ամենակարևոր օրակարգը խաղաղության օրակարգն է»:
Մեկնաբանելով նույն շարժման անդամների այն հայտարարությունները, թե Հայաստանում ամենուր ամենաթողություն է, Ավանեսյանն ասում է. «Մի քիչ ուշացել են. 2018-ին Հայաստանում «беспредел»-ը կանգնեցվել է, որում ներգրաված են եղել նաև իրենք: Մենք տեսել ենք՝ ինչպես են մարդիկ միլիարդատեր դարձել, որոնք, բացի պետական պաշտոններից, այլ տեղ չեն աշխատել: Մեր երկրի ապագան, բարիքները դրել են զոհասեղանին՝ սեփական իշխանությունը պահելու համար: Մենք 20 տարի շարունակ սրա մեջ ապրել ենք և կուշտ ենք: Էս մարդիկ մի օրակարգ ունեն՝ գուժեն ՀՀ-ի մասին ամենավատը և ոչ մի պատասխանատվություն չկրեն ասածների համար: Իրենք սիրում են լավ ապրեն, ուրախ, իսկ Հայաստանը լինի ողբի մեջ»:
Նախարարին զարմացրել է այն, որ ընդդիմադիր ուժերը անգամ դժգոհել են պարտադիր ժամկետային ծառայության կրճատման համար. «Այս ուժերը բանակում չեն ծառայել, դրա համար միևնույն է՝ 5 տարի կլինի, թե ինչքան, իրենց չի վերաբերում, ուրիշի երեխաներին է վերաբերում: Գյուղացիներն ասում են՝ հանկարծ մեզ մենակ չթողնեք, թույլ չտաք, որ պատմության անիվը հետ շրջվի»:
Անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) շուրջ բարձրացված աղմուկին՝ վերջինս ասում է. «Չեմ պատկերացնում, որ Վազգեն Ա-ն դուրս գար մեքենայից և հարցներ՝ ժողովուրդն ուր է: Կեղծիքը չպետք է տեղ ունենա մեր եկեղեցում: Կտրիճ Ներսիսյանը պետք է հանգստի կոչվի»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()