![]()
Հաղարծինի վանական համալիրի լուսարարապետ Տեր Տարոն քահանա Հունանյանի խոսքով՝ գործակալ լինելը բացասական է ընկալում հանրությունը, իսկ երբ դրանով հոգևորականն է զբաղված, մեղմ ասած, ողջունելի չէ:
Վերջինս աբսուրդ է համարում այդ արդարացումները, թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը հայրենիքին օգնելու համար է այդ քայլին գնացել: Նրա ընկալմամբ՝ հայրենիքին գաղտնի կամ թաքնված չեն օգնում. նման մարդը չի կարող դրական լինել պետության համար:
«Այնքան շոկային բաներ ենք լսում բարձրաստիճան հոգևորականների մասին, այդ թվում՝ կաթողիկոսի, որ այլևս ոչինչ չի զարմացնում: Կաթողիկոսի դուստր ունենալը անհերքելի փաստ է, բոլորը գիտեն: Նա կուսակրոն լինելով է հասել այդ պաշտոնին․ եթե չի պահել ուխտը, ուրեմն իր որոշումներն անվավեր են: Բայց գլխավոր հարցը դա չէ, այլ այն, որ նա հոգևոր մարդ չէ, սխալ որոշումներ է կայացնում, դրանից ազգն է տուժում: Նա նպաստում է, որ ընտանիքներ քանդվեն, մարդիկ դուրս գան եկեղեցուց, թողնեն գնան: Հարյուրներով հոգևորականներ են հեռացել եկեղեցուց, առանց այն էլ շատ քիչ են հոգևորականները»,- շեշտում է հոգևորականը:
Վերջինս ասում է՝ իր համբերության բաժակը լցվել է, դրա համար էլ սկսել է խոսել. «Միշտ ցանկացել ենք՝ հարցերը ներսում լուծվեն, աղմուկ չլինի, բայց չեն լուծվում: Ամեն լուրջ հոգևորականի թուլացնելու խնդիր կա, երևի վախ կա կաթողիկոսից ուժեղ լինելու: Շատերն են կիսում մեր մտահոգությունները, պարզապես չեն խոսում, շատ-շատ մարդիկ կան»:
Քահանան միաժամանակ նկատում է. «2008-ի մարտի 1-ին ես ինքս ճեմարանից փախել եմ, գնացել մասնակցել ցույցի, ցավում էի, որ եկեղեցին լռում է: Եվ բնական է, որ նախկին քաղաքական գործիչները այսօր կաթողիկոսի կողքին են, քանի որ նրանց շահերը համընկնում են»:
Ինչ վերաբերում է Մայր Աթոռ գնալուն և նամակ հանձնելուն, Տեր Տարոնը մանրամասնում է. «Մենք գրոհելու միտում չենք ունեցել․ եթե նման միտում լիներ, տասնյակ հազարավոր մարդիկ կհավաքվեին: Ես ինքս չեմ ուզում, որ երկու մարդ իրար դեմ դուրս գա»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()