Արման Թաթոյանն ու Էդուարդ Շարմազանովն իրար միս են ուտում. ով ում ինչից է կախվել

Կարկառուն հանրապետական Էդուարդ Շարմազանովին զայրացրել են նախկին ՄԻՊ, վարչապետի աթոռին նստել ցանկացող Արման Թաթոյանի վերջին հայտարարությունները:

Հիշեցնենք՝ ակտիվ քաղաքականություն մտած և 2026-ի ընտրություններով իրար խառնված Արման Թաթոյանը հայտարարել էր՝ քանի դեռ նախկին նախագահները մասնակցում են քաղաքական պայքարին, ընդդիմության միավորման հեռանկար չկա:

Թաթոյանի այս հայտարարություններից այսահարված Շարմազանովը նրան կոչ է արել գնալ կառույցներ ստեղծել ու պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ, ոչ թե «կախվել պաշտոնաթող նախագահներից»:

«Մի քանի նորաթուխ «քաղաքական» գործիչներ կան, որոնք Նիկոլին (-խմբ. ՀՀ վարչապետ) հեռացնելու հավակնությունով մտել են քաղաքական դաշտ, բայց ձեռքի հետ էլ հանդես են գալիս պաշտոնաթող նախագահների ընտրություններին մասնակցելու դեմ։ Թե բա՝ եթե պաշտոնաթող նախագահները մասնակցեն, Նիկոլը (-խմբ. ՀՀ վարչապետ) կվերընտրվի, թե բա՝ նրանք «նախկիններ» են։ Բա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք…։

Նախկինների կառավարությունում չե՞ք աշխատել, ՀՀԿ ֆրակցիայի կողմից չե՞ք ընտրվել պաշտոնների…։

ՀՀԿ-ն ազգային-ընդդիմադիր դաշտի ամենակայացած ուժերից է, ու ՀՀԿ-ն է բացառապես որոշում իր քայլերը։ Մնացել էր դուք ասեիք՝ պաշտոնաթող նախագահներն ու իրենց քաղաքական թիմերն ինչ անեն։ Մտել եք քաղաքականություն՝ ձեր գործն Է, մասնակցեք, պայքարեք ու մրցակցեք, ոչ թե «սրբի» դեմքով խորհուրդներ տվեք։

Գնացեք ձեր տեղը նվաճեք ընդդիմադիր դաշտում, ի՞նչ եք կպել պաշտոնաթող նախագահներից ու նրանց թիմերից։ ՀՀԿ-ի երիտասարդական կառույցն ավելի շատ բան է արել Նիկոլին (-խմբ. ՀՀ վարչապետ) հեռացնելու համար, քան դուք։ ՀՀԿ-ի ներկայացուցիչները կալանավորվել են, ձերբակալվել են, բերման են ենթարկվել։ Դուք ո՞ւր էիք էդ ժամանակ, ո՞ւր։

Հեռու մնացեք ՀՀԿ-ից, գնացեք ձեր ձայները հավաքեք, եթե ունեք։ 2018-ից հետո ձեր նման լիքը հավակնոտ «սյուրպրիզներ» ենք տեսել, բայց թիթեռնիկի կյանք են ունեցել, իսկ ՀՀԿ-ն պայքարել, պայքարում ու պայքարելու է»,- գրել է Շարմազանովը:

Վերջինս հետգրությամբ հավելել է, թե գրածը չի վերաբերում «Մեր ձևով» շարժմանը։ «Խոսքս ուղիղ վերաբերում է նախկին փոխնախարար պարոն Արման Թաթոյանի ու նրա որոշ թիմակիցների հայտարարություններին»,- հավելել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ