ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ. Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ 2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։

«Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ, սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։

Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։

Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն և այլն։

Երկրորդը՝ սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, ամբողջական թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն։

Երրորդը՝ իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն։

Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց։ Դրան միանշանակ հնարավոր է հասնել կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ։

ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը նախևառաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին․ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն, այդ թվում՝ ի դեմս ԱՄՆ-ի՝ այդ ընտրությունն ունի իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ և կայուն զարգացում ձևավորելու համար»,- գրել է Բաբաջանյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ