![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու վերջին հայտարարություններից մեկին:
«Նարեկ Կարապետյանը խոստովանել է, որ Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի նկատմամբ հանրության շրջանում առկա է լուրջ հակակրանք։ Դրան զուգահեռ նա «Կարապետյան» ազգանունը ներկայացնում է որպես «նորություն» քաղաքականության մեջ։
Սակայն պետք է հիասթափեցնեմ նրան և հիշեցնեմ, որ «Կարապետյան» ազգանունը՝ ի դեմս այն կրող իր հոր և հորեղբոր, քաղաքականության մեջ ոչ միայն նոր չէ, այլև չափազանց հին է ու «մաշված»։ Այն, իր էությամբ, քոչարյանական և սարգսյանական անփառունակ ժամանակների հավաքական խորհրդանիշն է՝ ժողովրդի հակակրանքի ծանր բեռի տակ կքած։
Հոպարի գանձին արժե հիշեցնել, որ սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ «նորը՝ լավ մոռացված հինն է»․ ժողովրդի հիշողության վրա կասկածողները պետք է գիտակցեն, որ ոչ ոք ոչինչ չի մոռացել։
Այդ թվում՝ այն փաստը, որ Նարեկ Կարապետյանի հայրը եղել է Ս.Սարգսյանի աշխատակազմի ղեկավարն ու նրա խմբակցության պատգամավորներից մեկը, իսկ ինքը այսօր փորձում է ներկայանալ որպես «նոր» քաղաքական դեմք»,- գրել է Ղազարյանը:
![]()