Թուրքիայում ինքնաթիռ է կործանվել. զոհվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետը և նրան ուղեկցող անձինք

Դեկտեմբերի 23-ի երեկոյան Լիբիայի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ Ալի Ահմեդ ալ-Հադադին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է Թուրքիայում Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց։ Լիբիայի վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է նրա մահը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան սոցիալական ցանցերում հայտնել է, որ ժամը 20:10-ին Անկարայի օդանավակայանից Տրիպոլի մեկնած 9H-DFJ համարով Falcon 50 բիզնես ինքնաթիռի հետ կապը կորել է ժամը 20:52-ին։

Նրա խոսքով՝ բեկորները հայտնաբերվել են ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից Հայմանա շրջանի Քեսիկկավակ գյուղից երկու կիլոմետր հարավ։

Նախարարը հայտնել է, որ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է խնդրել Հայմանա շրջանում, սակայն դրանից հետո ինքնաթիռի հետ կապը չի վերականգնվել։

Օդանավում եղել է հինգ ուղևոր, այդ թվում՝ Լիբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմեդ ալ-Հադադը։

Ազգային համաձայնությունների վարչապետ Աբդել Համիդ Դբեյբան հաստատել է Լիբիայի բանակի շտաբի պետի մահը՝ նշելով, որ վերջինս վերադառնում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարա պաշտոնական այցից։

Նա նաև հայտնել է, որ ինքնաթիռում են եղել Լիբիայի ցամաքային ուժերի հրամանատարը, ռազմական արտադրության վարչության տնօրենը, ինչպես նաև շտաբի պետի խորհրդականն ու լուսանկարիչը։

Ինքնաթիռի վթարի պատճառը դեռևս պարզված չէ։

Տրիպոլիում գտնվող Ազգային համաձայնության կառավարությունը հայտարարել է, որ վարչապետը հանձնարարել է պաշտպանության նախարարին պաշտոնական պատվիրակություն ուղարկել Անկարա՝ հետաքննությունը վերահսկելու համար։

Լիբիայի քաղաքական հարցերի նախարար Վալիդ Էլաֆին «Լիբիայի Ալահրար» հեռուստաընկերությանը հայտնել է, որ ինքնաթիռը վարձակալվել է Մալթայից, սակայն «դրա սեփականատիրոջ կամ տեխնիկական պատմության մասին բավարար տեղեկատվություն չկա»։

Լիբիայի ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել ամբողջ երկրում։

Reuters-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նախկինում հայտարարել էր Հադդադի այցի մասին՝ հայտնելով, որ նա հանդիպել է պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի, Գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի և այլ թուրք զինվորական ղեկավարների հետ։

Վթարը տեղի է ունեցել Թուրքիայի խորհրդարանի կողմից Լիբիա թուրքական զորքերի տեղակայման մեկամյա մանդատ սահմանող նախագահական հրամանագրի նախագծի հաստատումից մեկ օր անց։ Առաջարկը ներկայացվել է խորհրդարան Լիբիայի ՄԱԿ-ի կողմից ճանաչված կառավարության ռազմական օգնության խնդրանքից հետո։

Լիբիայում իշխանությունը բաժանված է արևելքի և արևմուտքի միջև։ Թուրքիան ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Տրիպոլիում գտնվող կառավարությանը։ Միաժամանակ թուրքական իշխանությունները վերջերս ակտիվացրել են կապերը արևելյան Լիբիայի հետ, որտեղ Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը կարևոր դեր է խաղում։

2020 թվականին Անկարան զորքեր էր ուղարկել երկիր՝ կառավարական ուժերին մարզելու և աջակցելու համար և կնքել ծովային սահմանազատման համաձայնագիր, որը վիճարկում են Եգիպտոսը և Հունաստանը։ 2022 թվականին Անկարան և Տրիպոլին նաև նախնական համաձայնագիր են ստորագրել էներգետիկ հետախուզման վերաբերյալ, որին դեմ են նաև Եգիպտոսը և Հունաստանը։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ Հաֆթարը ցավակցություն է հայտնել Լիբիայի զինված ուժերի շտաբի պետի ինքնաթիռի վթարի հետևանքով մահվան կապակցությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ