«Ձորակ» խնամքի կենտրոնի նախկին տնօրենը մեղավոր է ճանաչվել խոշոր կաշառքի և լիազորություններն անցնելու համար

Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի մեղադրական վերդիկտով մեղադրյալ, ««Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև՝ Կենտրոն) նախկին տնօրեն Ս.Խ.-ն մեղավոր է ճանաչվել խոշոր չափի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ Ս.Խ.-ն, 2014 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2020 թվականի մարտի 26-ը զբաղեցնելով Կենտրոնի տնօրենի պաշտոնը, Կենտրոնի խնամարկյալ Ա.Թ.-ին պատկանող, Երևան քաղաքի Գյուլիքեխվյան փողոցում գտնվող բնակարանի 2/3 մասնաբաժինը վաճառելու համար լիազորագիր տրամադրելու նպատակով 2019 թվականի սեպտեմբերին՝ իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում, Ա.Թ.-ի հորաքույրներ Վ.Թ.-ից և Է.Թ.-ից պահանջել էր 6000 ԱՄՆ դոլար կաշառք՝ վերջիններիս հետ պայմանավորվելով 2000 ԱՄՆ դոլարը ստանալ մինչև լիազորագրի տրամադրումը, իսկ մնացածը՝ բնակարանը վաճառելուց հետո:

Կենտրոնի տնօրեն Ս.Խ.-ն, վերոնշյալ պայմանավորվածության համաձայն, ստացել է 2000 ԱՄՆ դոլարը և խնամակալության և հոգաբարձության մարմնի համապատասխան թույլտվություն չունենալու պայմաններում (Կենտրոնը, հանդիսանալով Ա.Թ.-ի խնամակալ, իրավունք չունի առանց խնամակալության և հոգաբարձության մարմնի թույլտվության կնքել խնամարկյալի գույքի օտարման վերաբերյալ գործարքներ) 2 տարի ժամկետով տվել է լիազորագիր՝ լիազորելով Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի հորաքրոջը՝ Վ.Թ.-ին հանդես գալ որպես Կենտրոնի շահառու Ա.Թ.-ի շահերի ներկայացուցիչ:

2020 թվականի հուլիսի 6-ին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր 12 միլիոն 63 հազար դրամով, որի 2/3-րդ մասնաբաժինը չի հատկացվել Ա.Թ.-ին կամ վերջինիս խնամակալ հանդիսացող Կենտրոնին:

Դատախազի նախաձեռնությամբ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին Ս.Խ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար) և 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):

2024 թվականի սեպտեմբերի 24-ին դատախազը հաստատել էր Ս.Խ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը հանձնել իրավասու դատարան:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատախազությունը կձեռնարկի համապատասխան միջոցներ առուվաճառքի պայմանագիրն առ ոչինչ ճանաչելու ուղղությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ