Շրջանառությունից հանվել է 1 կիլոգրամից ավելի թմրամիջոց. երիտասարդներ են կալանավորվել. տեսանյութ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Երևանի բնակիչ՝ 31-ամյա և 32-ամյա երկու երիտասարդ պարբերաբար տեղադրված վայրերից ձեռք են բերում խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և տելեգրամյան հավելվածի միջոցով զբաղվում դրանց իրացմամբ:

Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, համատեղ իրացնելով օպերատիվ տեղեկությունները և համագործակցելով Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների հետ՝ պարզվել է, որ նշված երիտասարդները դեկտեմբերի 18-ին իրացնելու նպատակով Արմավիր քաղաքի Իսահակյան փողոցի հարակից ջրատարի մոտակայքից ձեռք են բերելու առանձնապես խոշոր չափի թմրամիջոց:

Իրավապահները նշված վայրում երիտասարդներին հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: Ձերբակալվելիս նրանք 32-ամյա երիտասարդի վարած «Կիա» մակնիշի մեքենայով փորձել են փախուստի դիմել, ինչը կանխվել է:

32-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոց և մոխրացած հետքերով կաթուցիչ:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ խուզարկվել է հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Կիա» մակնիշի մեքենան․ հայտնաբերվել է 1 կգ 155 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:

Երևանի բնակիչ 31 և 32-ամյա երիտասարդները կալանավորվել են: Կատարվում է նախաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ