Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու մասին շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր. Արագածոտնի մարզպետ

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փաստում է՝ 2025 թվականը մարզի համար բավականին լեցուն տարի էր աշխատանքների առումով՝ թե՛ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի, թե՛ սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ըստ նրա՝ մարզն աննախադեպ աճ ունի:

«2025-ին Արագածոտնում 12 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել, որը 2024-ի համեմատ 2 մլրդ-ով ավելի է: Այժմ աշխատանքները շատ ավելի արագ և արդյունավետ են իրականացվում: 42 դպրոց է կառուցվում: 118 դպրոց կա մարզում, 50 տոկոսով թարմացրել ենք մեր դպրոցները: Հիմնական պտուղները 2026-27 թվականներին կքաղենք: Չկա մի գյուղ ու համայնք, որում ժողովուրդը շոշափելի արդյունք չտեսնի: Իհարկե, դժվարություններ էլ կան, սակայն դրանք հաղթահարում ենք»,- մանրամասնում է նա:

Վերջինս գոհ է նաև մարզի համայնքի ղեկավարների աշխատանքից:

Ինչ վերաբերում է իր հրաժարականի վերաբերյալ մամուլում պարբերաբար հայտնվող լուրերին, մարզպետը շեշտում է՝ իր աշխատանքի գնահատականը տալիս են ժողովուրդը և վարչապետը:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե Արագածոտնի մարզպետը ակտիվ է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) հեռացման օրակարգի կյանքի կոչման հարցում և ուղղորդում է մարդկանց, Մովսիսյանը նկատում է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Տեր Արամին՝ իր կատարած աշխատանքների համար: Չնայած ճնշումներին՝ նա ունեցավ մեծ խիզախություն՝ եկեղեցու խնդիրները բարձրաձայնելու համար: Ես սատարում եմ նրան և այն սրբազաններին, որոնք ուզում են առողջացնել եկեղեցին: Լռելով օգուտ չենք տա: Ես իմ ընտանիքով մասնակցում եմ պատարագներին, բայց երբեք չեմ ուղղորդել ոչ մեկի, որ գան»:

Հայ առաքելական եկեղեցու հետևորդ Սերգեյ Մովսիսյանի խոսքով՝ այս ամենի հանգուցալուծումը կլինի այն ժամանակ, երբ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) կհեռանա. «Ինչպես 2018-ի հանգուցալուծումն այն եղավ, որ Սերժը հեռացավ»:

Մարզպետը միաժամանակ նկատում է. «Բոլորս էլ գիտեինք, որ Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, վարչապետը եղավ առաջինը, որը բարձրաձայնեց դրա մասին: Աչք փակելով հարցը չենք լուծի: Եզրասի ԿԳԲ-ի անդամ լինելու հարցն էլ շատերը գիտեին, թուղթը չէր, որ պետք է շոկի ենթարկեր: Ժողովուրդը գնում է վարչապետի դրած օրակարգի հետևից: Ինչպե՞ս է հնարավոր 1700-ամյա եկեղեցին փչացնել, պղծել»:

Կրկին խոսելով մարզի մասին՝ Սերգեյ Մովսիսյանն ասում է. «Օգոստոսի 8-ից հետո բիզնեսի նկատմամբ մարզում հետաքրքրությունը մեծացել է, մարդիկ ուզում են ներդրումներ անել, քանի որ ժողովուրդը կիսում է խաղաղության օրակարգը»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ