![]()
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստը։
Ինչպես հայտնել է հիմնադրամը, նիստին մասնակցել են հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, ինչպես նաև խորհրդի անդամներ Վահագն Թևոսյանը, Վահագն Հայրապետյանը, Վահան Վարդապետյանը, փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և գործառնությունների գծով պատասխանատու Սոնա Աբրահամյանը։
![]()
Նիստի ընթացքում ներկայացվել և քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի 2025 թվականի արդյունքները, գնահատվեց դրանց արդյունավետությունն ու հասարակական ազդեցությունը։ Քննարկվեցին իրականացված աշխատանքները, գրանցված ձեռքբերումները և զարգացման առաջիկա հիմնական առաջնահերթությունները։
Հոգաբարձուների խորհրդի անդամները բարձր են գնահատել հիմնադրամի կողմից իրականացված հսկա աշխատանքն, ինչպես նաև շարունակական զարգացմանն ու ծրագրերի բարելավմանն ուղղված հետևողական քայլերը։
![]()
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են նաև «Իմ քայլը» հիմնադրամի 2026 թվականի բյուջեն՝ նախատեսելով ծրագրերի շարունակական իրականացում, ընդլայնում և նոր նախաձեռնությունների մեկնարկ։
Նիստի ավարտին նշվել է, որ հիմնադրամը 2026 թվական է մուտք գործում նոր նպատակներով՝ ոգեշնչված շահառուների արձագանքից, և լի մեծ սպասելիքներով՝ հաստատակամորեն շարունակելով իր առաքելությունը:
![]()