![]()
Բաքվի բանտում պահվող Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է:
Ինչպես APA-ին հայտնել է «Ենի» կլինիկայի վերակենդանացման բաժանմունքի վարիչ և TƏBİB-ի գործադիր տնօրենի խորհրդական Էմիլ Գասիմովը, 70-ամյա Խաչատրյանը շտապ հոսպիտալացվել է վերակենդանացման բաժանմունք այս գիշեր՝ ծանր վիճակում՝ աորտայի ծանր ստենոզի, միտրալ փականի միջին աստիճանի ստենոզի և դեկոմպենսացված քրոնիկ սրտային անբավարարության ախտորոշմամբ, որը հանգեցրել է թոքային այտուցի և ծանր շնչառական անբավարարության զարգացմանը։
Էմիլ Գասիմովը հայտնել է, որ վերակենդանացման բաժանմունքում իրականացված միջամտություններն, այդ թվում՝ դեղորայքային բուժումը, ոչ ինվազիվ արհեստական շնչառության համակարգի կիրառումը, դրական արդյունքներ են տվել։
«Հիվանդն այժմ դուրս է եկել կյանքին սպառնացող ճգնաժամային փուլից, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր։ Բուժումը շարունակվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ հսկողության ներքո», — նշեց նա։
Հիշեցնենք՝ Բաքուն Վագիֆ Խաչատրյանին կեղծ մեղադրանքներով դատապարտել է 15 տարվա ազատազրկման։
Ադրբեջանը Խաչատրյանին մեղադրում է 1991 թվականին տեղի ունեցած «Մեշալիի հանցագործության» համար՝ հայտարարելով, թե վերջինս «զինված խմբավորում» է գլխավորել և «ցեղասպանություն» իրականացրել:
Նախորդ բոլոր դատական նիստերի ժամանակ Խաչատրյանը կտրականապես հերքել էր իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ ճանաչում է իր դեմ ցուցմունք տված անձանցից շատերի ընտանիքներին, հատկապես՝ նրանց ծնողներին, մտերիմ հարաբերություններ է ունեցել շատերի հետ, սակայն 1991 թվականին Մեշալիում տեղի ունեցած իրադարձություններին ինքը ներկա չի եղել և չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները:
Արցախցի 68-ամյա տղամարդը առևանգվել էր Լաչինի միջանցքից ամռանը, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։
![]()