Քննարկում եղել է, որոշում չկա, իսկ պատարագի վերաբերյալ հստակ հայտարարում եմ՝ հանձնարարական չի եղել. Առուշանյան

«Քննարկում եղել է, որոշում չկա, ու քանի դեռ նման որոշում չկա, ես մինչև վերջին պահը Շիրակի մարզպետն եմ»:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով իր պաշտոնանկության վերաբերյալ լուրերին:

«Քննարկումներ եղել են, կային մարդիկ, որոնք, հնարավոր է, ցանկություն ունեին, որ այդ հրապարակումները շատ արագ տարածվեն՝ ներկայացնելով, թե ես արդեն պաշտոնանկ եմ եղել։ Նման լուրեր տարածելը կոռեկտ չէ: Կրկնում եմ՝ քննարկումներ եղել են, բայց պաշտոնանկություն դեռ չկա, և ես շարունակում եմ պաշտոնավարել, մինչև վերջին պահը շարունակելու եմ աշխատել ու ծառայել մարզին։ Ես չեմ աշխատում, որ պաշտոնս պահեմ, ես աշխատում եմ, որովհետև այս պաշտոնն է ինձ հնարավորություն տվել Շիրակի մարզի համար լավ բան անելու»,- շեշտեց մարզպետը:

Հարցին՝ արդյոք խորհրդականի հետ կապված աղմկահարույց դեպքը կամ Յոթ Վերք եկեղեցու պատարա՞գն է առիթ հանդիսացել, որ Շիրակի մարզպետի նկատմամբ աշխատանքից ազատել-չազատելու հարց ծագի, Առուշանյանն ասաց՝ խորհրդականի դեպքով իրավապահ մարմիններն են զբաղվում, քրեական վարույթ կա, իսկ եկեղեցու պատարագի հետ կապված շահարկումները նորություն էին:

«Պատարագի կազմակերպման հետ մարզպետարանը կապ չունի, դա քահանաների գործն է: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ մեկը ղեկավարությունից չի զանգել, ասել, թե Յոթ Վերքում պատարագ պիտի լինի, խնդրում եմ, կամ հանձնարարական կա, որ աջակցես: Ոչ մի հանձնարարական չի եղել, որ ես էլ չկատարեմ: Վստահորեն ասում եմ՝ որևէ զանգ չեմ ստացել: Այն աշխատանքը, որ տարել է Շիրակի մարզպետարանը, եղել է ամեն տարվա արարողակարգային աշխատանքը, որն արվում է հուշարձանի մոտ պսակադրման ժամանակ: Մեկը մյուսի հետ խառնելը սխալ է: Միշտ էլ ժողովուրդը դեկտեմբերի 7-ին եկել է, և պսակադրությանը, և պատարագի, դա նորություն չէր: Պաշտոնը կամ աթոռը կորցնելու մտավախություն չունեմ, միշտ պաշտոնին վերաբերվել եմ որպես գործիքի՝ երկրի, մարզի կամ քաղաքի համար օգտակար լինելու առումով։ Իմ համար ամենամեծ գնահատականը ժողովրդի գնահատականն է․ պաշտոնանկության մասին լուրերի տարածումից հետո բազմաթիվ զանգեր ու մտահոգություններ եմ ստացել և՛ մարզի, և՛ Գյումրու բնակիչներից»,- նշեց նա:

Առուշանյանն ասաց՝ կուսակցությունն ինչ որոշում էլ կայացնի, դրա հետ հաշտ է:

Հարցին՝ ինչ քաղաքական հարաբերություններ կան Գյումրու իշխանությունների՝ ՀԿԿ-ի հետ, նա ընդգծեց՝ որևէ ընդհանուր գիծ չունեն կոմունիստական կուսակցության և մյուս 3 ուժերի հետ. «Երբևէ ընդհանուր բան չկա: Երկրի ապագայի մեր տեսլականը լրիվ այլ է, քաղաքի զարգացման տեսլականը՝ ևս, իսկ էն հատվող կետը, որը Գյումրին է, միանշանակ, ինչպես միշտ ասել եմ, ինչպես մարզի մյուս համայնքներն են, այնպես էլ Գյումրին է ինձ համար, մանավանդ որ իմ քաղաքն ու մարզկենտրոնն է, այս հարցում մարզպետարանն ու համայնքապետարանը, բնականաբար, համագործակցում են, դա նորություն չէ, իսկ այդ աշխատանքը չի տարվում քաղաքապետի համար, այդ աշխատանքն արվում է քաղաքի համար, քաղաքի բնակիչների համար»:

Հարցին՝ ինչու է Շիրակի մարզում ամենաշատը մարզպետներ փոխվում՝ 7 տարում 6 մարզպետ է փոխվել, վերջինս ասաց՝ յուրաքանչյուրն իր պատճառն է ունեցել:

Մարզպետը նաև ընդգծեց՝ ՔՊ կուսակցությունից դուրս գալու մասին խոսք լինել չի կարող: Ըստ նրա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակում իր անունը վարչությունն արդեն հաստատել է. «Ընտրություններից հետո վարչությունը կորոշի, թե որտեղ ու ինչ պաշտոնում է ավելի նպատակահարմար իմ հետագա աշխատանքը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ