![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Նարեկ Կարապետյանի հերթական մանիպուլյացիային:
«Նարեկ Կարապետյանը, որը, հավանաբար, իր կյանքում միայն վերջին ամիսներին է լսել աղքատության ցուցանիշների մասին և այն էլ բացառապես քաղաքական շահարկումների համար, հերթական մանիպուլյացիան է արել։
Նա հայտարարել է, թե վերջին 6 տարիներին Հայաստանում աղքատությունն անգամ 2.4 տոկոսով չի նվազել։
Շարունակում եմ հույս ունենալ, որ նա կվերադառնա իրականություն ու գոնե մի բան ինքնուրույն կուսումնասիրի, հետո նոր գրառում կանի դրա մասին։
Հավանաբար, տեղյակ չէ, որ Հայաստանում 2019 թվականից փոխվել է աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը։
2019-ին աղքատությունը միջինում կազմել է 26.4%, իսկ 2024-ի տվյալով՝ 21.7% (ընդ որում՝ վերջին տվյալները հաշվարկելիս ևս մեթոդաբանական փոփոխություններ են արվել)։
Եվ այս ամենը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Հայաստանը տեսել է քովիդ, պատերազմ և հետպատերազմական ծանր շրջան, բայց, այնուամենայնիվ, աղքատության ցուցանիշը տարեցտարի նվազել է։
Մի խորհուրդ էլ. նայիր նաև աղքատության վերին գծին։
Օրինակ՝ 2017-ին, երբ հայրդ ՀՀԿ խմբակցության պատգամավոր էր՝ այն քաղաքական ուժի, որը տարիներ շարունակ ձևավորել է այս սոցիալ-տնտեսական իրականությունը և մեղմ ասած, թքած ուներ աղքատության վրա, այդ ցուցանիշը կազմել է 47.5%։
Վերջին տվյալով՝ այն նվազել է՝ հասնելով 40.2%-ի, իսկ ծայրահեղ աղքատությունը 1.4%-ի փոխարեն դարձել է 0.6%։
Այսինքն՝ այսօր մենք փորձում ենք նվազեցնել ոչ թե օդից առաջացած, այլ հենց քո հոր և իր քաղաքական թիմի տարիների քաղաքականության հետևանքով ձևավորված աղքատությունը։
Մանիպուլյացիաներով ձայն չեք ստանալու։ Ամբողջ օրը պառակտումից եք խոսում, բայց այնքան անբովանդակ եք, որ իրատեսական ծրագրերի փոխարեն մեր արածներն եք կեղծում՝ մի փոքր երևալու համար։
Հ.Գ. Մի բան էլ. քեզ մոտ տաքսու վարորդ աշխատելը և քաղաքականությամբ զբաղվելը նույն կերպ անբնական է ստացվում, ամեն տեղ երևում է, որ ամբողջ կյանքում միանգամից տարել ու լավ գործի են դրել և փափուկ կյանք ապահովել»,- գրել է Մանավազյանը:
![]()