Խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան

Մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։

Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով.

«Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից գնացքներն արդեն ուղևորվում են դեպի Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։

Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը:

Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ