Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին աշխարհի շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից. AP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող իր դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին, հայտնում է Associated Press գործակալությունը։

Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը։

Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են AP-ին, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման շրջանում և այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսով իր քաղաքական առաջնահերթություններին։

AP-ի աղբյուրները հայնտել են նաև, որ այս դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ, եթե նման ցանկություն հայտնեն։

Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել նորությունը՝ ասելով միայն, որ ցանկացած վարչակազմի դեպքում փոփոխությունները նորմալ գործընթացի մաս են կազմում։

Associated Press-ի տվյալներով՝ եվրոպական տարածաշրջանում փոփոխություններ են լինելու Հայաստանում, Մակեդոնիայում, Մոնտենեգրոյում և Սլովակիայում, Մերձավոր Արևելքում՝ Ալժիրում և Եգիպտոսում։

Փոփոխություններ կլինեն նաև Նեպալում, Շրի Լանկայում, Գվատեմալայում և Սուրինամում, Աֆրիկա մայրցամաքի Բուրունդի, Կամերուն, Կաբո Վերդե, Գաբոն, Կոտ դ’Իվուար, Մադագասկար, Մավրիկիոս, Նիգեր, Նիգերիա, Ռուանդա, Սենեգալ, Սոմալի և Ուգանդա երկրներում: Ասիայում էլ դիվանագիտական փոփոխություններ տեղի կունենան վեց երկրում՝ Ֆիջի, Լաոս, Մարշալյան կղզիներ, Պապուա Նոր Գվինեա, Ֆիլիպիններ և Վիետնամ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023թ․փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ