Ներկայիս Թուրքիայի տարածքում հնագետները գտել են Քրիստոսի վաղքրիստոնեական որմնանկանկար (լուսանկար, տեսանյութ)

Թուրքիայում իրականացված հնագիտական պեղումները հանգեցրել են մի հայտնագործության, որը կարող է փոխել պատկերացումները Փոքր Ասիայում վաղ քրիստոնեական արվեստի տարածման մասին։ Ներկայիս Իզնիկ քաղաքի շրջանում հնագետները հայտնաբերել են վաղ քրիստոնեական եզակի որմնանկար՝ «Բարի Հովիվ Հիսուսի» պատկերով։ Այս մոտիվը չափազանց հազվադեպ է հանդիպում Փոքր Ասիայի տարածքում և հնարավոր է՝ ամբողջ տարածաշրջանի համար լինի իր տեսակի միակ օրինակը:

Անսովոր որմնանկարը հայտնաբերվել է Հիսարդերե նեկրոպոլիսի ուսումնասիրման ընթացքում, որը գտնվում է Նիկեայի հնագույն պաշտպանական կառույցների հարևանությամբ (այդպես էր կոչվում Իզնիկը անտիկ ժամանակաշրջանում)։ Մասնագետները շեշտում են, որ այս բացահայտման նշանակությունը դուրս է Թուրքիայի սահմաններից, և մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային հնագիտության համար։

Որմնանկարը պահպանվել է ստորգետնյա դամբարանի հյուսիսային պատին։ Շինության հարավային պատը զգալիորեն վնասված է եղել, սակայն մյուս մակերեսները՝ ներառյալ պատերն ու առաստաղը, գրեթե իդեալական վիճակում են հասել մեր օրեր։ Սա հնարավորություն է տվել գիտնականներին մանրամասն ուսումնասիրելու ինչպես պատկերումը, այնպես էլ թաղման առանձնահատկությունները։

Դամբարանի ներսում հնագետները հայտնաբերել են թաղման մահիճ, որի վրա դնում էին հանգուցյալներին։ Այն պատրաստված է քառակուսի տեռակոտային սալիկներից և տեղակայված է որմնանկարի անմիջական հարևանությամբ։ Պատին պատկերված է երիտասարդի կերպարանքով Հիսուսը, որը ուսերին կրում է մի ոչխար։ «Բարի Հովիվի» այս կերպարը լայնորեն տարածված էր ժամանակակից Իտալիայի տարածքում քրիստոնեության առաջին դարերում, սակայն Փոքր Ասիայի համար այն համարվում է չափազանց հազվադեպ։

Հիսարդերե նեկրոպոլիսը տարածաշրջանի ամենախոշոր թաղման համալիրներից մեկն է։ Այն օգտագործվել է մեր թվարկության II–V դարերի ընթացքում։ Նրա տարածքում պահպանվել են տարբեր տեսակի թաղումներ, ինչը վկայում է բնակչության սոցիալական բազմազանության մասին։ Այստեղ թաղել են ոչ միայն ազնվական ընտանիքների ներկայացուցիչների, այլև համեստ կարողություն ունեցող մարդկանց։

Թեև հենց դամբարանում չեն հայտնաբերվել առարկաներ, որոնք թույլ կտային հստակ թվագրել թաղումը, հնագետները ենթադրում են, որ այն վերաբերում է մեր թվարկության III դարին։ Հետազոտողների խոսքով՝ դամբարանի կառուցվածքային առանձնահատկությունները մեծապես համընկնում են այդ ժամանակաշրջանի այլ թաղումների հետ։ Միաժամանակ գիտնականներն առանձնահատուկ նշում են, որ սա Հիսարդերե նեկրոպոլիսում առաջին թաղումն է, որտեղ հայտնաբերվել է Հիսուսի պատկեր։

Մեր թվարկության III դարում Նիկեան մտնում էր Հռոմեական կայսրության Բիթինիայի և Պոնտոսի նահանգի կազմի մեջ։ Տարածաշրջանի բնակչությունը խառն էր․ այստեղ ապրում էին հույներ, հռոմեացիներ և բնիկ խմբեր։ Չնայած հռոմեական վարչակազմին՝ առօրյա կյանքում և մշակույթում շարունակում էին գերակշռել հունական ավանդույթները։ Հենց այսպիսի մշակութային և կրոնական համատեքստում վաղ քրիստոնեական որմնանկարի հայտնվելը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն՝ մատնանշելով հավատալիքների և գեղարվեստական ազդեցությունների բարդ փոխհյուսվածքը տվյալ դարաշրջանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ