![]()
Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 18-ին Երևանում հատուկ դիմակավորված օպերացիա է իրականացվել, որի արդյունքում կան բերման ենթարկվածներ:
ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը)։ Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածը Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենն է:
Shamshyan.com-ը մանրամասներ է հայտնել դեպքից՝ նշելով, որ ոստիկանություն տեղափոխված անձանց թիվը հասնում է 15-ի։
Դատարանի թույլտվությամբ խուզարկություններ են իրականացրել Երևանի բնակիչ 44-ամյա Զոհրաբ Ասատրյանի (ոսկու շուկայի տնօրեն) բնակության և աշխատանքի վայրում։ Խուզարկությունների ընթացքում Զ․ Ասատրյանի աշխատասենյակում հայտնաբերվել է ընդհանուր 0.31 գ. սպիտակ բյուրեղանման զանգված, «Զիփ» փաթեթ՝ լցված 1.08 գ. քաշով սպիտակ փոշենման զանգված և ապակյա գլանակ՝ սպիտակ հետքերով։
Զ․ Ասատրյանի բնակության վայր՝ Կուրղինյան փողոցի սեփական տան խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տիպի ատրճանակ, 2 պահունակ, 9 մմ տ/չ 36 հատ փամփուշտ և 1 հատ 7․62 մմ տ/չ փամփուշտ, կողային համարը մաքրված «ՏՏ» տիպի ատրճանակ՝ պահեստատուփում առկա 2 փամփուշտով, օդամղիչ ատրճանակ, 2 տարա, որոնց մեջ առկա են եղել մանր արծաթագույն փամփուշտներ, թուր՝ պատյանով, 6 կաթոցիչ, 10 հատ մոխրացած հետքերով կաթուցիչ, «Տրամադոլ» գրառմամբ 16 դեղահաբ, 2 արկղ՝ դեղնականաչավուն զանգվածով, տուփով՝ դեղահաբերով, 6 գլանակ՝ որոնց թափանցիկ հատվածներից տեսանելի է հեղուկանման զանգված և «TH» գրառմամբ դեղահաբ, փաթեթ՝ 1․26 գ. դեղնականաչավուն զանգվածով, տարրա՝ խոտանման հետքերով, ապակե գլանակ՝ մոխրացած հետքերով, 2 փաթեթ՝ դեղնականաչավուն հետքերով։
Ասատրյանին իրավապահները հայտնաբերել են նույն օրը Վանթյան 61 հասցեում, որտեղից ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու և ապօրինի զենք զինամթերք պահելու կրելու անմիջական ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի հատուկ պահպանվող տարածք է ավտոքարշակների միջոցով տեղափոխվել Զ․ Ասատրյանի կողմից շահագործվող «Range Rover» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Կայքի փոխանցմամբ՝ Զ․ Ասատրյանը Ազգային ժողովի նախկին ՀՀԿ-ական պատգամավոր «Լեդի Հակոբ» մականվամբ Հակոբ Հակոբյանի մոտ ազգականն է, ով աշխատեցնում է Մալաթիայում հայտնի ոսկու շուկան։ Վեջրինը նաև ըստ իրավապահների հենց շուկային տնօրենն է։
Դեպքի փաստով փաստաթղթեր էին կազմվել, որոնք փոխանցվել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։
![]()