Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն

Գյումրու ավագանին տարին փակում է 2025-ի հաստատված բյուջեով, քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրներով, հիմնահարցերից ոչ մեկը չլուծած, անքաղաքապետ ու իրար հետ պարզ հաղորդակցության եզրեր չգտնող խմբակցությունների՝ միմյանց ուղղված ակնարկ-խրատ-պատգամներով:

Լավով-վատով քաղաքական և իրավական խառը իրադարձություններով մեկնարկած տարին ավարտվում է:

Նախքան օրակարգին անցնելը Գյումրու քաղաքապետի պարտականությունները կատարող Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան՝ Ավետիս Առաքելյանը հրատապության կարգով ավագանուն առաջարկեց քննարկել ու քվեարկել «Մեր քաղաքը» խմբակցության առաջարկը և համայնքի բյուջեի տնտեսված միջոցներից շուրջ 15 մլն դրամն ուղղել համայնքային ենթակայության 5 մանկապարտեզի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծմանը:

Խմբակցության ղեկավարն ասաց՝ մանկապարտեզները կշարունակեն մնալ իրենց ուշադրության կենտրոնում:

15 մլն դրամի շրջանակներում «Անի» մսուր-մանկապարտեզում ջրագիծը կնորոգվի, «Կարմիր գլխարկ»-ը նորոգված տանիքի ու ներքին հարդարում կունենա, «Արձագանք»-ը՝ սանհանգույց, «Էյլիթիա»-ն կցանկապատվի, որպեսզի երեխաներն ու թափառող շները միմյանցից հնարավորինս տարանջատվեն, մանկապարտեզի բակը դառնա անվտանգ, նորոգված տանիք կունենա նաև «Հենզել Գրետել» մսուր-մանկապարտեզը:

Միաձայն քվեարկությանը հաջորդեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ 2026 թվականին համայնքային ենթակայության բոլոր մանկապարտեզներն անվճար դարձնելու առաջարկը:

Այս առաջարկի պահին դահլիճից հնչած ռեպլիկը թեժացրեց նիստի ընթացքը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Քնարիկ Հարությունյանը նկատեց, ովքեր ՏԻմ օրենքներից անտեղյակ են, բայց դահլիճում են որպես ավագանու անդամ, ճիշտ կանեն ուսումնասիրել օրենքները, տիրապետել դրանց և տեղից անհարկի չմիջամտեն այսուհետ:

«Ի վերջո, կրթվելը նորաձև է»,- ասաց Հարությունյանը՝ մանրամասնելով.

«Կառավարությունը հաջորդ տարի 437 մլն դրամ ավել դոտացիա կտրամադրի Գյումրուն, ինչը թույլ կտա լիարժեք իրականացնել առաջարկը:
Ներկա պահին մանկապարտեզ հաճախող 2500 երեխայից գանձվող վարձավճարի ընդհանուր չափը տարեկան 120 մլն դրամ է:
Արդյունքում կունենանք մանկապարտեզ հաճախող շատ երեխաներ, հատկապես խոցելի խմբերի ընտանիքների երեխաներին այս կարևոր օղակում ընդգրկվելու, նախադպրոցական կրթությունը հասանելի դարձնելու հնարավորություն կստեղծվի»:

Ավետիս Առաքելյանն ասաց՝ հարցը կքննարկեն հետագայում:

Նույն լարված ընթացքը պահպանվեց նաև հաջորդ՝ Գյումրու վարչական տարածքում տեղական տուրքերի և վճարների 2026 թվականի տեսակները և դրույքաչափերը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ: Այս երկար անվանմամբ նախագիծն իրականում ասում է Գյումրիում ավտոկայանատեղիները դարձնել վճարովի, մեկ մեքենայի կայանման համար սահմանել 200 դրամ վճար:

Հարությունյանը հիշեցրեց՝ վատ նախադեպ կա, երբ հատկացվել է ավտոկայանատեղի կազմակերպելու համար տարածք, այն տնօրինողն ուղիղ իմաստով է դա հասկացել, մետաղական և այլ տարրերով փողոցի այդ հատվածը առանձնացրել է՝ խոչընդոտելով երթևեկությունը:

ՔՊ խմբակցության անդամ Վահագն Մկրտչյանն այլ ընդգծում արեց՝ այս հարցի դրական ելքի դեպքում գյումրեցու ուսերին նոր ֆինանսական բեռ է դնում նախագծի հեղինակը: Դիմելով Ավետիս Առաքելյանին, Մկրտչյանը փաստեց.

«Բազմիցս ձեր քաղաքական ուժը տարբեր հարթակներում ասում է Գյումրին անապահով քաղաք է, հիմա ինչքանով եք ճիշտ համարում Գյումրու ավտոկայանատեղինը դարձնել վճարովի, այն էլ այն պարագայում, որ միայն քաղաքի փոքր միջուկն է Կառավարության միջոցներով ասֆալտապատ, Գյումրու մյուս փողոցներում անգամ հին ասֆալտածածկ չկա: Չեք համարո՞ւմ, որ ժամանակին չեք բերել այս նախագիծը, սրա մասին կարելի էր խոսել մի քանի տարի հետո»:

Ավետիս Առաքելյանն ասաց՝ նախագիծը ընդունելուց հետո այն չեն կիրառելու, այսինքն օրինակ հունվարից, գյումրեցիները պարտավոր չեն հենց մեքենան կանգնի՝ 200 դրամը վճարել: Սա հետոյի համար է, որ փողոցաշինական աշխատանքներում նկատի ունենան, դրանք նախագծվեն՝ հաշվի առնելով ավտոկայանատեղիի առկայությունը նաև:

Մկրտչյանը հակադարձեց՝ եթե չենք կիրառելու, ինչու ենք քննարկում, ընդունում: Հատկապես այն պարագայում, երբ դեռ հայտնի էլ չէ թե քաղաքի որ հատվածներում և ինչպես են այդ ավտոկայանատեղիները կազմակերպվելու, ովքեր ու ինչ տարբերակով են գանձումներն իրականացնելու, և ամենակարևորը՝ ով է իրականացնելու գործընթացի վերահսկողությունն ու բացառելու կոռուպցիոն ռիսկերը:

«Դուք այս նախագիծը բերելով հնարավորություն եք տալիս, որ վաղը մի բիզնեսմեն գա ու օրինակ, Վարդանանց հրապարակում ասի էս տարածքը ես կվերցնեմ: Բոլորս գիտենք այնտեղ կայանելը ինչքան բարդ է, տեղ չկա կանգնելու, էդտեղ շոհութաբերության խնդիր չկա, ցանկացած բիզնեսմեն, վստահ եմ, առաջինը կգա, և կենտրոնական հատվածը կվերցնի, բայց դուք արդյո՞ք վստահ եք, որ գյումրեցին պատրաստ է վճարովի այդ ծառայությանը, հարցը գյումրեցիներին հավելյալ բեռի տակ չքցելն է»,- ասաց Մկրտչյանը:

Օրակարգից հանվեց ավտոկայանատեղիների կազմակերպման հարցը, սակայն այդ չեղած ավտոկայանատեղիների համար գանձվող գումարի չափի վերաբերյալ նախագիծը դրվեց քվեարկության: ՔՊ-ն դեմ քվեարկեց:

Նույն մթնոլորտում ընթացավ նաև բյուջեի քննարկումը: 2026-ի Գյումրու բյուջեի եկամտային մասը 7 մլրդ 582 մլն դրամ է, նույնքան էլ ծախսայինը: Ի թիվս այլ անելիքների, զեկուցվեց, որ կառույցում մինչև 20 տոկոսի աշխատավարձերի բարձրացում է սպասվում:

Ինչ միջոցներով է դա արվելու, եթե բյուջեն այս պահի դրությամբ թերակատարված է մոտ 400 մլն դրամով և այդ ֆոնին 452 մլն դրամով ավել կանխատեսվում է արվել հաջորդ տարվա համար: Ասավեց, որ դեռ աշխատանքային 8 օր կա, կհասցնեն հարկերի 90 տոկոսից ավելին հավաքագրել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հարցին դեմ քվեարկեց, Գյումրու բյուջեն 18 կողմ ձայնով ընդունվեց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ