![]()
Եթե լյուստրացիա չլինի՝ մենք միշտ ապրելու ենք նույն փակ շրջանի մեջ․ կասկածներ, լուրեր, փոխադարձ մեղադրանքներ, և յուրաքանչյու ճգնաժամի պահին՝ ներսից կոտրվող պետություն։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը՝ ընդգծելով, որ սա մեր պետականության հիգիենայի հարցն է:
«Լյուստրացիան պետության ինքնապաշտպանության մեխանիզմ է։ Լյուստրացիան անձանց «պատժելու» մասին չէ, այլ՝ պետության առանցքային լծակներից հեռու պահելու մասին նրանց, ովքեր կապված են եղել օտար ազդեցության կառույցների հետ։ Նման անցյալը միշտ թողնում է խոցելիություն՝ գաղտնիություն, կախվածություն, շանտաժի հնարավորություն։ Իսկ շանտաժը պետության համար ամենաէժան զենքն է․ մեկ «թղթապանակով» կարելի է կոտրել պաշտոնյայի կամ հանրային հեղինակության կամքը, ուղղորդել որոշումներ, լռեցնել քննադատությունը, բաժանել հասարակությունը։ Արդյունքում կառավարումը դառնում է ոչ թե օրենքով, այլ գաղտնի նյութերով։
Լյուստրացիան կանխարգելում է հենց սա՝ ներսից քանդման ռիսկը։ Երբ պետությունը հստակ ասում է՝ «հանրային վստահության բարձր դիրքերում կարող են լինել միայն բաց կենսագրությամբ մարդիկ», այն մաքրում է ինստիտուտները, բարձրացնում է վստահությունը դատական համակարգի, բանակի, ոստիկանության, կրթության, մեդիայի, կուսակցությունների, նույնիսկ հոգևոր տիրույթի՝ եկեղեցու նկատմամբ։ Սա ազգային անվտանգության հարց է, որովհետև ներքին խոցելիությունը միշտ վերածվում է արտաքին ճնշման։
Լյուստրացիայի համար պետք է լայն հանրային պահանջ, որ իշխանությունն ունենա լիարժեք լեգիտիմություն և դիմադրի ներսի ու դրսի ճնշումներին։ Երբ հասարակությունը պահանջում է լյուստրացիա, դա այլևս ազգային անվտանգության հանրային մանդատ է։ Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն»,- գրել է Բաբաջանյանը։
![]()