![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթի վերաբերյալ մեկնաբանություններին:
«Կտրիճի մերձավորագույն զինակից Ասողիկ աբեղա Կարապետյանը Եզրասի`ԿԳԲ գործակալ լինելու մասին ասում է.
«Հայ հոգևորականը միշտ, բոլոր ժամանակներում, ապրել ու գործել է նաև հանուն Հայրենի երկրի և ազգի: Իսկ Սբ Եկեղեցու փոխհարաբերությունները Հայրենիքի իշխանությունների ու պետական գերատեսչությունների հետ միշտ էլ եղել են բնական անհրաժեշտություն և կարևոր, քանզի դրանք ծառայել են բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին:
Եվ միայն Ձեր սխալ ընթացքի ու գործողությունների հետևանքով է, որ Դուք խաթարել եք այդ կենսական հարաբերություններն Ազգային Եկեղեցու հետ»:
Հարց չկա, հասկացա մոտեցումը։ Խորեն Մուրադբեկյան կաթողիկոսին հենց վեհարանում խեղդամահ արած, ազգի սերուցքին մեկ տարում գլխատած, վեհափառի գահը յոթ տարի թափուր թողած, բուլդոզերով եկեղեցի քանդող, անաստված ու օտար իշխանության ՀԱՄԱՐ աշխատելն եղել ա «բնական անհրաժեշտություն ու կարևոր», իսկ մեզ հետ չեք աշխատի, իբր մենք էկել «խաթարել ենք այդ կենսական հարաբերություննե՞րը»։
Այսինքն դուք մենակ կենսական վտանգի դեպքու՞մ եք կենսական հարաբերություն ստեղծում։
Սովետական իշխանության համար աշխատանքի անունը կդնեք ծառայություն «բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերին», իսկ ձեր ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ չեք աշխատի, անունն էլ կդնեք, թե ազգային հարցերի շուրջ տարաձայնություն ունեք։ Իսկ նրանց հետ տարաձայնություն չունեի՞ք, թե՞` 38 թվին բոլոր տարաձայնությունները «հարթվեցին»։
Ի՞նչ ա ուզածներդ, ուզում եք էդ «բացառապես պետական, ազգային և հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն։ Ուզում եք ձեր մասին մինչև վերջին պատրանքը մինչև քոքը մաշեցնե՞լ»,- գրել է նա։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
![]()