![]()
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրասի՝ ԿԳԲ գործակալ լինելը փաստող ԱԱԾ-ի հրապարակած փաստաթղթին:
«Նրանք, ովքեր ապացույցներ էին պահանջում, որ Կտրիճի եղբայր Եզրասը հավաքագրված գործակալ է, ստացան։ Ավելին՝ ՀՀ ԱԱԾ-ն նշում է, որ այսօր էլ Եզրասը գտնվում է ծառայության մեջ (չշփոթե՛լ՝ խոսքը հոգևոր ծառայության մասին չէ), և նրա գործողությունները կարող են վտանգել Հայաստանի ազգային անվտանգությունը։
Այլևս աներկբա է, որ Կտրիճն ու նրա եղբայրը, ովքեր եկեղեցին վերածել են Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի և դրա դիմաց շքանշաններ են ստացել, պետք է հեռանան։
Հետաքրքիրն այն է, որ հայտնի շրջանակները, պաշտպանելով Կտրիճին ու նրա եղբայր Եզրասին, հայտարարում էին, թե իրենք պաշտպանում են եկեղեցին։
Եվ այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում․ եթե իրականում իրենց համար եկեղեցին ՊԱԿ-ի գործակալն է, ապա ակնհայտ է, որ իրենց «իրական սրբոց» տաճարն ու եկեղեցին էլ Լուբյանկայում գտնվող հայտնի հաստատությունն է։
Ուստի ինձ համար տարօրինակ չի լինի, որ այս շրջանակները շարունակեն արդարացնել ու պաշտպանել Կտրիճին ու Եզրասին, քանզի նրանցից շատերը նույն «օֆիսի» աշխատակիցներ են՝ մի մասը «հոգևոր» ծառայության ներքո, մյուսները՝ աշխարհիկ»,- գրել է պատգամավորը։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը 1986-1988թթ. համագործակցել է ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ։
ԱԱԾ փոխանցմամբ՝ բացի այդ՝ առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ներկայումս կապեր է պահպանում օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և շահերին։
Ելնելով վերոգրյալից՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։
![]()