Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել

Բաքվի դատարանում շարունակվել է Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուսների գործով շինծու դատական նիստը:

Այս դատական նիստում նրանց վերջին խոսքի իրավունք է տրվել:

2548 դրվագով հավաքված կեղծ և ակնհայտ հորինված ապացույցների հիմքով որպես մեղադրյալներ են անցնում ընդհանուր առմամբ 15 անձինք՝ ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, ԼՂ Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, ԼՂ արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև քաղաքացիական անձինք՝ Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը:

Նրանք, ինչպես հայտնի է, մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ բազմաթիվ այլ հանցագործությունների համար:

Նրանցից ոչ մեկն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 22-ին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Դատախազը 20 տարվա ազատազրկում է պահանջել նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մյուս տարեց գերիների համար, իսկ մնացածներին՝ 16-ից 19 տարվա ազատազրկում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ