![]()
Այսօր, Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզրաս Ներսիսյանին առնչվող համացանցում հայտնված փաստաթուղթը ոչ թե պարզապես մեկ անձի անցյալի մասին տեղեկություն է, այլև մարտահրավեր՝ ուղղված ողջ եկեղեցական դասին և հայ հանրությանը։ Խոսքը մի եպիսկոպոսի մասին է, որն, ըստ փաստաթղթի, Խորհրդային ՊԱԿ-ի գործակալ է դարձել 1986 թվականին։ Եզրաս Ներսիսյանի պաշտոնական կենսագրության մեջ նշվում է, որ 1985 թվականին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, այսինքն Սուրբ Եկեղեցու խորանի վրա հրաժարվել է աշխարհիկ կյանքից և ուխտել իր կյանքն անմնացորդ կերպով Աստծուն և ժողովրդի ծառայությանը նվիրել ու հաջորդ տարին դարձել գործակալ։ Այս հանգամանքը չի կարող դիտարկվել իբրև սոսկական դեպք կամ զուտ կենսագրական՝ «պատմական փաստ»։ Այն պահանջում է խիստ բարոյական, աստվածաբանական-կանոնական և ազգային-պետական դիրքերից արվող քննություն։
Խորհրդային ՊԱԿ-ը որպես համակարգային հակաեկեղեցական կառույց պարզապես անվտանգության ծառայություն չէր։ ՊԱԿ-ը խորհրդային կայսրության ամենաաթեիստական, ամենահակաեկեղեցական և ամենաեկեղեցահալած կառույցն էր։ Հենց ՊԱԿ-ի թեթև ձեռքով էին հայ հոգևորականները ձերբակալվում, կալանավորվում, տաժանակիր կտտանքների ենթարկվում, բռնադատվում, աքսորվում, լլկվում, զնդաններում կացնահարվում, գնդակահարվում և վեհարանի մեջ խեղդամահ արվում։ ՊԱԿ-ը համակարգված կերպով ոչնչացնում էր եկեղեցին՝ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, գաղափարապես և հոգևորապես։ Այն վերահսկում, շանտաժի էր ենթարկում, կոտրում հոգևորականներին՝ եկեղեցին ներսից ապականելու նպատակով։ Նպատակի իրականացման համար հավաքագրվում էին եզրասներն ու եզրասանման փողոցային թափթփուկի հոգեկերտվածքով զանգվածները։ Վերոբերյալ և մի շարք այլ, ավելի հոգևոր պատճառներով ՊԱԿ-ի գործակալ լինելը երբեք չի կարող համադրվել հոգևոր ծառայության հետ։ Մեղմացուցիչ կամ արդարացուցիչ հանգամանքներ չեն և չեն կարող լինել «ժամանակի թելադրանք», «պատմական կոնտեքստ» կամ «ստիպվածություն» տխեղծ ձևակերպումները։
ՊԱԿ-ի գործակալները նախկին չեն լինում, որովհետև հակաեկեղեցական և անաստված կառույցի գործակալ դառնալու ցանկությունը գաղափարական և բարոյական ընտրություն է, սեփական կյանքում արժեքային կողմնորոշիչների բացակայություն, աստվածամերժ ընթացք և ոչ թե միայն կենսագրական դրվագ։
Ընդհանրապես մեկ տարվա կուսակրոն հոգևորականը լի է նոր և թարմ հոգևոր տեսլականների իրականացման գաղափարներով, ծառայասիրության ոգով, կատարելության ձգտմամբ մղված հոգևոր պայքարներովով և սխրանքի պատրաստակամությամբ, անձնական հոգևոր աճով, մտավորական պաշարների ավելացմամբ, իմացական կարողությունների ամրապնդմամբ ու կատարելագործմամբ։ Կուսակրոնությունն ինքնին առավելագույն հանձնառություն է՝ ամբողջական նվիրվածություն Աստծուն և Եկեղեցուն, անանձնական երջանկություն, հոգևոր սխրանք։ Կուսակրոն հոգևորականն առավել զգայուն է բարու և չարի նուրբ սահմանագծի զանազանման մեջ իր հոգևոր արթնամտության շնորհիվ։ Սակայն Եզրաս Ներսիսյանը փոխանակ աչալրջորեն իր հոգևոր ծաղկմանն ու պտղաբերությանը հետամուտ լինելու իր աբեղայության արշալույսին Աստծո փոխարեն ընդունում է եկեղեցահալած կայսրության ՊԱԿ-ին հավատարմորեն ծառայելու որոշում։ Սա պարզապես սխալ չէ, սա երիտասարդական սայթաքում չէ։ Սա աստվածհայհոյության և իրական տիրադավության հավասար անդառնալի ապականություն է։
Ժամանակի նշանները կարդալու անկարողությունը։
Հայության կյանքում 1980-ականների երկրորդ կեսը գաղափարական զարթոնքի շրջան է։ Այդ տարիներին Խորհրդային Հայաստանում Եզրասի սերնդակիցները ազգային ինքնագիտակցության վերածնունդ էին ապրում, այդ սերնդի մեջ ուժգին կերպով ընդգծված էին հայրենատիրական և ազգային-ազատագրական գաղափարները, ազատության սպասումը։ Մթնոլորտը լի էր առաջիկա Արցախյան շարժման նախատրամադրություններով, գորբաչովյան Պերեստրոյկան արդեն գուժում էր ԽՍՀՄ շռնդալից փլուզման մասին և հայության հոգում թևածում էր Հայաստանի մոտալուտ անկախացման հույսը։ Սակայն Եզրասը և նրա եղբայրը, որն արդեն հաջողացրել էր իր վրա եպիսկոպոսի պիտակ ամրացնել, չկարողանալով կարդալ ժամանակի նշանները ու չհասկանալով պատմական պահի պատասխանատվությունը, կայացնում են սխալ որոշում։ Այդ որոշման արդյունքում Եզրասն ավագ եղբոր՝ Կտրիճ Ներսիսյանի գործուն մասնակցությամբ, գնում և անդամագրվում է կործանվող կայսրության ամենախավար ու տխրահռչակ կառույցին։ Սա արդեն ոչ միայն հոգևոր, այլև պետական մտածողության բացակայության վկայություն է։
«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» ասված է Մատթեոսի Ավետարանի մեջ (6:25)։
Ավետարանը հստակ է. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել»։ Այս խոսքն այստեղ վերացական սոփեստություն չէ, այլ կոնկրետ բարոյական դատավճիռ։ Չի կարելի միաժամանակ լինել՝ Քրիստոսի ծառա և ՊԱԿ-ի գործակալ։ Չի կարելի Պատարագ մատուցել և գաղտնի զեկույցներ և մատնագրեր ուղարկել եկեղեցու դեմ աշխատող կառույցին։ Չի կարելի «Խաղաղություն ամենեցուն» ասել և օտար պետության օմոնականներին բերել հարազատ ժողովրդի վրա։ Այս ընտրությունը չի կարող անվանվել կոմֆորմիզմ կամ ոսկեհատյան՝ ներսիսյանական ճարպկորդիություն, սա զազրելի դավաճանություն է հոգևոր կոչմանը, Աստծուն, Եկեղեցուն և հայրենի պետությանը։ Իրականում դժվար թէ Հայաստանի Հանրապետությունը հայրենիք է արդեն 40 տարի բացառապես Հայաստանից դուրս և միայն ՌԴ տարածքում սեփական տերերին ծառայող Եզրաս Ներսիսյանի համար։ Այսօր արդեն Հայ Առաքելական Եկեղեցում գրեթե ոչ ոքի համար կասկածի առարկա չէ այն փաստը, որ Ներսիսյան եղբայրներից Եզրաս անունով Կարոն ընտանիքի միակ անդամը չէ, որ ՊԱԿ-ի գործակալ է։ Այս պարագային հարցն այլևս անհատական պատասխանատվության դաշտում չէ և ի թիվս իրավապահ համակարգի անհրաժեշտ գործողությունների պահանջվում է ներեկեղեցական լրջագույն ինքնաքննություն․ ինչպե՞ս են Ներսիսյան եղբայրները բարձրացել եկեղեցական աստիճաններով, ի՞նչ գին է վճարել և բարոյական ինչպիսի՞ հարվածներ է ստացել եկեղեցու հեղինակությունը, չարաբաստիկ եղբայրների անցանկալի ներկայությունից։
Այսօրվա հրապարակված փաստաթուղթը մեզ կանգնեցնում է առանցքային հարցի առաջ.
արդյո՞ք եկեղեցին կարող է ինքնամաքրվել՝ առանց ճշմարտության ամբողջական ընդունման։ Հալածվող քահանաների պահանջը հաշվեհարդարի կոչ չէ։ Արդարամիտ տասը եպիսկոպոսների նախաձեռնությունը բարոյական մաքրման պահանջ է՝ հանուն եկեղեցու, հանուն պետության, հանուն ապագա սերունդների։ Վարչապետի նախաձեռնությունն էլ արդարության վերականգնման ներքին հրամայական է ընդդեմ եկեղեցու անունից գործվող ավերների և հակապետական գործունեության։
![]()