![]()
Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, «Հայկական ժամանակ»-ի տաղավարում անդրադառնալով դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի ունեցածին, ասում է՝ իրենց նպատակն է եղել ժողովրդին հրավիրել Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տարածք, որպեսզի ներկայացնեն այն նամակը, որը փոխանցել են Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան), այնուհետև խոսքով դիմեին ժողովրդին և միասին աղոթեին:
«Բայց հայտնի ուժերը, Մայր Աթոռի հին ավանդության համաձայն, այնպես կազմակերպեցին, որ հատուկ ուժեր բերեցին (իրենք ունեն այդ գրոհային խմբերը), որոնք տարբեր ժամանակներում տարբեր միտինգների դրսևորել են այդպիսի վարք, և ամեն ինչ փոխվեց, բաժանվեց մերոնքի և ձերոնքի: Սա կաթողիկոսի կողմից շատ անգամներ տարվող թեզ է: Մեզ համար այնտեղ գտնվող ամբողջ ժողովուրդը մեր եկեղեցու անդամ է, մերն է: Մենք ամեն դեպքում մեր առաքելությունը կատարեցինք՝ նամակը փոխանցեցինք»,- մանրամասնում է սրբազան հայրը:
Նրա խոսքով՝ որոշ սադրիչներ տարբեր խոսքեր և արտահայտություններ են հնչեցրել, որը չեն համարում իրենց ուղղված. «Մենք կարող էինք նամակը հանգիստ փոխանցել, բայց ցանկացանք, որ ժողովուրդը հավաքվի իր տանը՝ Մայր Աթոռում»:
Հարցադրմանը՝ ինչ են կարծում՝ նամակին արձագանք կլինի՞, արքեպիսկոպոսն ասում է՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) ոչ մի բանի ականջալուր չի լինում. «Ժողովրդի խոսքը ե՞րբ է հասել տեղ, որ այս անգամ հասնի»:
Սրբազան հայրը, արձագանքելով 10 բարձրաստիճան հոգևորականների հասցեին հնչող քննադատություններին, ասում է. «Ինչո՞ւ եք մեզ՝ 10 արքեպիսկոպոսներիս և եպիսկոպոսներիս, վիրավորական խոսքեր հասցնում, մենք ձեզ ոչ մեկիդ չենք վիրավորել: Մեր խնդիրը ձեզ հետ չէ: Կաթողիկոսը շեղվել է ուղիղ ճանապարհից և պետք է կոչվի հանգստի: Մեր եկեղեցին չի կարող ծառայել օտարի շահերին»:
Ըստ նրա՝ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) քաղաքական գործընթացները տեղափոխել է Մայր Աթոռի տարածք և ցույց է տալիս իր իրական նպատակները:
«Շարունակվելու են հանրային ճնշումները, և կաթողիկոսը ստիպված կլինի հաշվի նստել իրողությունների հետ. ժողովուրդը իրեն չի ճանաչում որպես կաթողիկոս: Ինքը դադարել է լինել Ամենայն հայոց կաթողիկոս: Անօրեն կերպով մեզ հեռացրել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամությունից: Տիրադավը նրանք են, ովքեր Աստծուն են դավաճանել: Մենք Աստծուն չենք դավաճանել, կաթողիկոսը մեր տերը չէ»,- ասում է նա:
Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը միաժամանակ դիմում է իր հոգևոր եղբայրներին. «Ինչո՞ւ եք լռում, եղբայրնե՛ր, ձայն բարձրացրեք: Մայր Աթոռում վախի մթնոլորտ կա, այո, բայց պետք է հաղթահարել դա: Գիտենք, որ կաթողիկոսը ընկալվում է որպես վախի սիմվոլ: Հետդարձի ճանապարհ չկա, եթե անգամ մեզ կարգալույծ անեն, ռուբիկոնն անցել ենք»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()