![]()
Արձակագիր Հայկ Հովյանը կարծում է, որ ընդդիմադիր քաղաքական դերակատարների ներկայությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում արձանագրում է այն, որ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) վերաբերող հարցերը քաղաքական գործընթաց են, այսինքն՝ ակնհայտ է՝ եկեղեցին մտել է քաղաքական պրոցեսների մեջ:
«Ովքե՞ր էին այնտեղ՝ նախկին նախագահների համակիրները, ռուսաստանցի մեծահարուստի ազգականներից ու համախոհներից նոր ձևավորված ուժը, այսինքն՝ էն հավաքականը, որ դիտարկում ենք ռուսական քաղաքականություն ունեցող օրակարգերի մեջ: Ակնհայտ դարձավ, որ Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) էլ է դրա մի մասը: Նա և իր համախոհները մտել են քաղաքական դաշտ և խաղում են, այսպես ասած, մի թիմի մարզահագուստով: Ակնհայտ է նաև, որ միաբանության մեջ պառակտում կա այդ հարցում»,- նկատում է արձակագիրը:
Նրա դիտարկմամբ՝ հարցի լուծումը լինելու է եկեղեցու ներսում. «Եկեղեցին միայն Գարեգին Բ-ն (Կտրիճ Ներսիսյան) չէ: Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) սարքել են Աստված ու թաքնվել նրա թիկունքում: Կաթողիկոսը Քրիստո՞սն է, որ հուդա են գոռում: Եթե թողնեն քաղաքական ուժերին, կպայթեցնեն եկեղեցին ներսից»:
Անդրադառնալով այն շահարկումներին, թե Մայր Աթոռում մեծաթիվ ոստիկանական ուժեր էր իշխանությունը կենտրոնացրել, Հովյանը նկատում է. «Իսկ ո՞վ ապահովեր անվտանգությունը: Ոստիկանությունը պետք է անի դա»:
Մեկնաբանելով Ադրբեջանից Հայաստան նավթ բերելու գործընթացը և Ադրբեջանի հետ կարգավորման գործում իշխանության ընդդիմախոսների քննադատությունները՝ զրուցակիցն ասում է. «Հարաբերությունների կարգավորում ասվածը պոզով-պոչով չի լինում, որ առավոտ արթնանանք, ասենք՝ գնանք Բաքու մի հատ թեյ խմենք գանք, աստիճանական քայլեր պետք է արվեն: Երկու կողմերն էլ անվստահություն ունեն, տարբեր քայլերով պետք է վստահություն ստեղծել․ դրանցից մեկն էլ նավթ բերելն է: Ընդդիմությունը երբ ասում է՝ արժանապատիվ խաղաղություն, ո՞րն է դա, օրինակ՝ նավթ բերելու արժանապատիվ-չարժանապատիվը ո՞րն է»:
«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Հայկ Հովյանը խոսել է նաև Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի, TRIPP-ի, ՀՀ-ում ՌԴ բիզնեսների, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործում մտավորականների անելիքների մասին, որը կարող եք դիտել տեսանյութում:
![]()