![]()
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի բակում, երբ Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը քայլելիս էր եղել, մի կին սկսել էր բղավել և անպարկեշտ արտահայտություններ անել Սափեյանի և նրա հետ քայլող այլ անձանց հասցեին: Վերջինիս հայտարարություններին արձագանքել էր Սափեյանը, որը համացանցում և լրատվամիջոցներում քննարկման առարկա է դարձել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սափեյանն անդրադարձել է միջադեպին՝ նկատելով.
«Սոցցանցերում շրջանառվում է, որ այդ կինը զոհված զինվորի մայր է: Ամենայն հարգանքով բոլոր զոհվածների մայրերի նկատմամբ, խոնարհվում եմ իրենց առաջ, բայց ինքը զավակ չունեցող կին է: Որոշակի արդեն գիտենք՝ ով է, բայց Բաղրամյան համայնքին ենք դիմել, որ առավել մանրամասն իմանանք, թե ով է: Ամենայն հարգանքով իր տարիքի հանդեպ (տարիքով կին է), բայց Մայր Աթոռի բակ մտնելուն պես սկսեց անպարկեշտ բառերով արտահայտվել, ընդ որում՝ ոչ միայն իմ հասցեին, այլ Թալինի իմ հայրենակիցների էլ, որոնք եկել ու կանգնել էին 10 եպիսկոպոսների կողքին»:
Համայնքապետին զարմացրել է այն, թե ինչպես կարող է կինը նման կերպ արտահայտվել: Սափեյանը կարծում է, որ նրան համարժեք պատասխան է տվել:
«Ինչ վերաբերում է իբրև թե հոգևորականներից մեկին հայհոյելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին, հանուն անկեղծության, հոգևոր հոր ուղղությամբ չի եղել որևէ հայհոյանք: Ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր ականատես են եղել այդ տեսարանին, սակայն հայհոյանքը հնչել է այն մարդու ուղղությամբ, որը լարված իրավիճակում շշով փորձում էր հարվածել ինձ: Այդ պահին հոգևոր սպասավորներից մեկն ինձ անիծում էր, թե՝ Աստված կպատժի ընտանիքիս և երեխաներիս, ասացի՝ եղբայր, ամենայն հարգանքով, ինչպե՞ս կարելի է նման բան ասել, դու հոգևոր հովիվ ես, եթե ես անգամ սխալ լինեմ, պետք է ուղղես ինձ, ոչ թե անիծես, այ ստահակ: Ընդամենը այդ բառն եմ ասել, որին, կարծում եմ, արժանի է ինքը և Կտրիճ Ներսիսյան կոչվածը»,- մանրամասնում է համայնքի ղեկավարը:
Վերջինս այն համոզմանն է, որ միանշանակ հայ ազգը, այդ թվում՝ Թալին համայնքը, կանգնած է այս պայքարի թիկունքում. «Այս դավաճան աղբը հեռանալու է Մայր Աթոռից, և մենք ունենալու ենք մեր եկեղեցուն, սրբություններին հարիր կաթողիկոս»:
![]()