Փակ սահմաններով պետությունը երբեք չի կարող մրցունակ լինել

Վերջին օրերին կրկին ակտիվացել է սահմանների բացման և Հայաստանի ապաշրջափակման թեման։ Հարցը լայն արձագանք է ստացել՝ առաջ բերելով թե՛ ակնկալիքներ, թե՛ մտահոգություններ։

Տասնամյակներ շարունակ մենք ապրել ենք փակ սահմանների, կիսատ խաղաղության և մշտական լարվածության պայմաններում՝ փորձելով համոզել ինքներս մեզ, թե մեկուսացումը կարող է համատեղելի լինել զարգացման հետ։

Այսօր արդեն ակնհայտ է՝ այդ տրամաբանությունը սպառվել է։Հայաստանի աշխարհագրական դիրքը նրան հնարավորություն է տալիս լինել հաղորդակցային կամուրջ՝ ոչ թե փակ անկյուն։

Սակայն փակ սահմանները մեզ վերածել են տարածաշրջանային «կղզու», որտեղ տնտեսական կյանքը կախված է սահմանափակ ճանապարհներից, բարձր ռիսկերից և թանկ լոգիստիկայից։ Սա անմիջապես ազդում է քաղաքացիների կյանքի որակի վրա՝ թանկ գներ, սահմանափակ աշխատաշուկա և ներդրումների պակաս։

Հայաստանը շրջափակման մեջ է հայտնվել ոչ իր կամքով, սահմանները Հայաստանը չի փակել, սակայն 30 տարիների ընթացքում թե Հայաստանից դուրս և թե Հայաստանի ներսում ձևավորվել են ուժեր, որոնք շահագրգռված են, որ սահմանները փակ մնան։

Նախ՝ կան ներքաղաքական շրջանակներ, որոնք տարիներ շարունակ կառուցել են իրենց ազդեցությունը «շրջափակված բերդի» գաղափարախոսության վրա։ Փակ սահմանները նրանց համար ոչ թե խնդիր են, այլ գործիք՝ վախի, մշտական սպառնալիքի և «այլընտրանք չկա» թեզի պահպանման համար։

Երկրորդ՝ կան տնտեսական շահառուներ՝ մենաշնորհային դիրքեր ունեցող խմբեր, որոնց բիզնես մոդելները ձևավորվել են մեկուսացման պայմաններում։ Սահմանների բացումը նշանակում է մրցակցություն, նոր խաղացողներ և շուկայի ազատականացում, ինչը նրանց համար շահավետ չէ։

Երրորդ՝ արտաքին դերակատարներ կան, որոնց ձեռնտու է Հայաստանը պահել կախված վիճակում՝ սահմանափակ հաղորդակցություններով և նեղ մանևրի հնարավորություններով։

Փակ սահմաններով երկիրը ավելի հեշտ է վերահսկելի դարձնել՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով։ Բաց սահմաններով Հայաստանը դառնում է ավելի ինքնուրույն սուբյեկտ, ոչ թե միայն ազդեցությունների օբյեկտ։

Սահմանների բացումը հաճախ ներկայացվում է որպես զիջում կամ անվտանգության սպառնալիք։ Բայց իրականում պատմությունը ցույց է տալիս հակառակը․ մեկուսացված պետությունները դառնում են ավելի խոցելի, ոչ թե ավելի պաշտպանված։ Իրական անվտանգությունը կառուցվում է բազմակողմ կապերի, տնտեսական փոխկապակցվածության և շահերի հավասարակշռության վրա։

Բաց սահմաններով Հայաստանը ստանում է ոչ միայն նոր շուկաներ և տրանսպորտային ուղիներ, այլ նաև արտաքին քաղաքական ավելի լայն դաշտ։ Դա հնարավորություն է՝ սեփական անվտանգությունը ամրապնդելու ոչ թե մեկ ուղղության հաշվին, այլ բազմազան գործընկերությունների միջոցով։

Սահմանների բաց լինելը անկախության կորուստ չէ, այն անկախության իրական բովանդակությունն է՝ ընտրության, շարժման և զարգացման ազատությամբ։ Փակ սահմաններով պետությունը երբեք չի կարող մրցունակ լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ