![]()
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։
«Թերևս, սա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունից հետո, այլև, առհասարակ, անկախությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին առևտրատնտեսական գործարքն է»,-գրել է նա:
Ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:
Փոխվարչապետը հաստատել էր՝ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ չէր հերքել լուրը և հավելել էր, որ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
![]()