Իջևանի Գետահովիտ բնակավայրում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի

Կառավարության պահուստային ֆոնդից 329,855.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզի Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրի վարչական տարածքում ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողամասերի ձեռքբերման նպատակով։ Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պետական այս հատկացումը նշանակալի ներդրում է՝ ուղղված մարզերում հանրային ենթակառուցվածքների և տնտեսական գործունեության նոր հնարավորությունների ապահովմանը:

Նախարարը հիշեցրել է՝ 2029 թվականին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

«Այս նպատակով Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները համատեղ հայտ են ներկայացրել, որը հաստատվել է ՈՒԵՖԱ-ի կողմից: Առաջնությունը Հայաստանում անցկացնելու համար հիմնական պայման է ՈՒԵՖԱ 4-րդ կատեգորիայի մարզադաշտ ունենալը։ ԿԳՄՍ նախարարության կողմից նման 3 մարզադաշտների (այդ թվում` 1-ը ազգային) հիմնելու պահանջը ամրագրվել է նաև ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թթ. ռազմավարությամբ։

Պետք է հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ որոշում ենք կայացրել Վանաձորում գտնվող ստադիոնի վերակառուցման վերաբերյալ, որը ևս կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի չորրորդ դասի չափանիշներին: Այս մասով առկա է նաև կնքված պայմանագիր միջազգային կազմակերպության հետ, որն ունի համապատասխան փորձառություն ոչ միայն նախագծելու, այլ ծրագրի իրականացման խորհրդատվություն կատարելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախագծող է ընտրվել նման մարզադաշտերի նախագծման և կառուցման միջազգային փորձ ունեցող «ՎենյուԷրա Հոլդինգ» ՍՊԸ-ն: Նախարարի խոսքով՝ մարզադաշտերից 2-ը նախատեսվում է կառուցել առնվազն 10000 նստատեղով, իսկ 1-ը՝ ազգայինը, 35000 նստատեղով։ Ազգային մարզադաշտը կառուցվելու է «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում։ 10000 տեղով մարզադաշտերից մեկը կհիմնվի Վանաձոր քաղաքում, իսկ մյուսի համար ընտրվել է Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրը:

ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է նաև, որ Կառավարության աջակցությամբ մասնավոր ոլորտի հետ համագործակցությամբ Վաղարշապատում նույնպես նման կարգի մարզադաշտ կկառուցվի: Անդրադառնալով Իջևանի Գեղհովիտ բնակավայրում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Տավուշի մարզպետարանի հետ համագործակցությամբ 20 սեփականատերերին պատկանող հողամասերի ձեռքբերման մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Ըստ այդմ՝ սուբվենցիա կհատկացվի Իջևանի համայնքապետարանին՝ հետագա գործընթացների իրականացման նպատակով:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է համապատասխան բնակավայրերում ճանապարհային և այլ ենթակառուցվածքների զարգացումը՝ հաշվի առնելով, որ նոր կառուցվող մարզադաշտերի շահագործումից հետո տրանսպորտային և մարդկային հոսքերի ծավալը կմեծանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ