Մայր Աթոռի դեմ գրոհ գուժողներն իրենք հարձակվեցին Մայր Աթոռի տարածքում գտնվող տասը եպիսկոպոսների վրա. Եղոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է այսօր Մայր Աթոռի բակում 10 եպիսկոպոսների հրավիրված հավաքին, որին ժամանակ ինչպես հայտնի է նրանք կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

«Բավարար չէր Բագրատ Գալստանյանի արկածախնդրությունը, բավարար չէր էն վնասը, որ այդ ազդեցության գործակալը բերեց թե՛ պետությանը, թե՛ եկեղեցուն, հիմա էլ Կտրիճը Մայր Աթոռի տարածքն է վերածել քաղաքական պայքարի թատերաբեմի։

Երկու ընտրություն անընդմեջ մերժված քաղաքական ուժերը, որ առավոտից երեկո ասում էին, թե քաղաքական գործիչները չպիտի խառնվեն եկեղեցու գործերին, այսօր գնացել էին Մայր Աթոռ` խառնվելու երկու խումբ եպիսկոպոսների խոսակցությանը։ Որևէ մեկը լսե՞լ է, տեսե՞լ է վարչապետի կամ իշխանական որևէ մարմնի կամ ուժի կողմից կոչ այսօր հավաքվել Մայր Աթոռի բակում։ Ոչ, չի եղել նման բան, և ինչու՞ պիտի լիներ։ 10 եպիսկոպոսները իրենց դիմումը հանձնելու համար շքախմբի կարիք չունեին։ Իսկ Կտրի՛ճն ահա ունի շքախմբի կարիք, որ օդակայանի նման ստիպված չլիներ փնտրել, թե «ո՞ւր է ժողովուրդը»։

«Հայր մերը» մինչ օրս չսովորածի, խաչը տեսախցիկի առաջ համբուրել հրաժարվողի աջակիցները, եկեղեցականներին մերոնքականի ու ձերոնքականի բաժանողները այսօր հավաքվել էին, որ պախարակեն ոչ իրենցական եպիսկոպոսներին։ Ահա այսպես են նրանք հարգում ու պաշտպանում եկեղեցին։

Ձեզ ի՞նչ է թվում, եթե վաղը տասը դարձավ քսան, իսկ քսանը` քառասուն, այս մարդիկ խորշելու՞ են քառասուն եպիսկոպոսի պախարակել ու անվանարկել, իհարկե ոչ։ Ասեմ ավելին, պատկերացրեք ինչ լուտանքներ կթափեն հենց Կտրիճի գլխին, եթե նա հանկարծ դադարեցնի Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը։

Մայր Աթոռի դեմ գրոհ գուժողներն իրենք այսօր հարձակվեցին Մայր Աթոռի տարածքում գտնվող տասը եպիսկոպոսների վրա։ Դրանով նրանց այսօրվա անելիքին, միևնույն է, չխանգարացին, այլ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ այդ իրենք են եկեղեցին դարձրել քաղաքական պայքարի գործիք, այդ իրենք են պատարագի մասնակիցների թիվ հաշվում (և հետևաբար եկեղեցին վերածում քվեախցիկի), այդ իրենք են ցանկանում իրենց հնազանդ պահել ինչքան հնարավոր է շատ եկեղեցականների։ Դրա համար են այս տասին ահաբեկում, որ մյուսներին էլ վախեցնեն, բայց չեն տեսնում, որ դա իրենց չի հաջողվելու»,- գրել է պատգամավորը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ