![]()
«Ես էլ տեսա, որ արդեն Ադրբեջանի արտադրության նավթամթերքով շարժակազմը շարժվել է և գալիս է Հայաստան, և ես ողջունում եմ այդ զարգացումը»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Զուտ առևտուրը տեղի է ունենում մասնավոր ընկերությունների միջև, բայց, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն է, որ քաղաքական պայմաններ է ստեղծել այդ առևտրի համար: Իհարկե, նաև քաղաքական մակարդակի պայմանավորվածություններ են եղել, որ հնարավորությունների մասին երկու երկրների գործարար շրջանակները կտեղեկացվեն և համապատասխան հետաքրքրության առկայության պարագայում նրանք արդեն գործարքները կկնքեն: Գիտեմ, որ մի գնացք է գալիս, ինչքան է կոնկրետ՝ չգիտեմ:
Երբ արդեն մտնի երկիր, մեր մաքսային ծառայությունները տեղեկության տիրապետեն, ես այդ ժամանակ կտիրապետեմ: Ինչ վերաբերում է հետագա ընթացքին, ես գիտեմ, որ վրացական երկաթուղու սակագնի հետ կապված որոշակի հարցեր կան, և հույս ունեմ՝ այդ հարցերը կա՛մ կկարգավորվեն, կա՛մ եթե չկարգավորվեն, տրամաբանորեն տնտեսվարողները, եթե գործարքները շարունակեն հետաքրքիր լինել, այլընտրանքային ձևեր կփնտրեն ներմուծումը և արտահանումն ապահովելու»,- նշել է Փաշինյանը:
Ադրբեջանական նավթամթերքի արտահանման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 28-ին փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ:
Փոխվարչապետը հաստատել էր՝ Գաբալայում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ չէր հերքել լուրը և հավելել էր, որ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու գործընթացն առևտրային գաղտնիք է։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանը տուրքեր չի գանձի դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցման համար։
![]()