Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն

Հայ առաքելական եկեղեցու մի շարք եպիսկոպոսներ հանդես են եկել հերթական հայտարարությամբ՝ եկեղեցու՝ ներկայիս գործադիր իշխանության մարմնի 2025թ. դեկտեմբերի 18-ին հրավիրված նիստն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

«Սույն թվականի դեկտեմբերի 15-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Գերագույն հոգևոր խորհրդի մի շարք անդամների տեղեկացրել է, որ Հայրապետական տնօրինությամբ դադարեցրել է Գերագույն հոգևոր խորհրդի (այսուհետև՝ ԳՀԽ) կազմում նրանց լիազորությունները՝ չնշելով հիմքերը և պատճառները։

Սրբազանների մի մասը ԳՀԽ անդամ է ընտրվել չորս տարի ժամկետով 2017 թվականի հունիսի 6-8-ը Մայր Աթոռում հրավիրված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի (այսուհետև՝ ԵՆԺ) կողմից։

Ըստ վերոհիշյալ կանոնադրության՝ երկու տարին մեկ անգամ պետք է հրավիրվի ԵՆԺ ժողով և ԳՀԽ կանոնադրության համաձայն՝ չորս տարին լրացած անդամի լիազորությունները դադարելու դեպքում պետք է կատարվեն ԳՀԽ անդամների նոր ընտրություններ։

Ամենայն հայոց կաթողիկոսի լիազորությունների սահմաններում երկու տարին մեկ պետք է հրավիրվեր ԵՆ ժողով և կատարվեր ԳՀԽ անդամների նոր ընտրություններ:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործադիր իշխանության մարմինը շարունակել է գործել՝ խախտելով ԳՀԽ կանոնադրությունը։ Բնականաբար, հարցեր են առաջանում՝ մասնավորապես 2021 թվականից սկսած ԳՀԽ-ի գործունեության իրավազորության և կայացրած որոշումների օրինականության վերաբերյալ։ ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրություններում բացակայում են նաև այն կարգավորումները, որոնք կարող են հիմք ծառայել Եկեղեցու բարձրագույն մարմինների ժողովների չհրավիրման համար։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայությունն է Գարեգին Բ Կաթողիկոսի միանձնյա, կանոնախախտ գործունեության, որը հանգեցրել է Մար Աթոռի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կառավարման ճգնաժամի։

Վերստին հիշեցնում ենք, որ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներիս կողմից բազմիցս բարձրաձայնվել են Եկեղեցու թերի կառավարմանը վերաբերող լրջագույն խնդիրները և մեր վերջին հանրային հայտարարություններում մատնանշվել են դրանց հանգուցալուծման հնարավորությունները՝ Ամենայն հայոց կաթողիկոսին հանգստյան կոչելու, նոր կանոնադրություն մշակելու և ընդունելու՝ հիմնվելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդության և Առաքելության վրա։

Հաշվի առնելով ԵՆԺ և ԳՀԽ կանոնադրությունների կոպիտ և կամայական խախտումները, այս մարմինների գործունեության լիազորությունների չարաշահումները, պարզ է դառնում, որ սույն թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից հրավիրված Գերագույն հոգևոր խորհրդի նիստն անվավեր է, իսկ 2021 թվականից հետո այս մարմնի կայացրած որոշումները կարող են դիտարկվել ոչ իրավաչափ: Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել ներկայիս ԳՀԽ գործունեությունը և նոր անդամների նշանակումը՝ մինչև ԵՆ նոր ժողովի հրավիրումը»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ