![]()
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընդդիմության կողմից Մայր Աթոռում հավաքվելու կոչերին:
«Մեզ ամիսներ շարունակ Մայր Աթոռի ներքին գործերին միջամտելու ու այն «ասպատակելու» մեջ մեղադրող Քոչարյանն ու ռուսաստանցի բիզնեսմենը այսօր պատրաստվում են միջամտել եկեղեցական ներքին գործերին և ասպատակել Մայր Աթոռը:
Ու այս ամենը Կտրիճ Ներսիսյանի հրավերով:
Ինձ միայն հետաքրքիր է` երբ որ Քոչարյանն ասաց, որ իր կարծիքով ընդդիմադիր շարժումը պետք է առաջնորդի արքեպիսկոպոսներից մեկը, և ամիսներ անց այդպես էլ եղավ, դա Քոչարյանի հրահանգի արդյունքն էր, որը Կտրիճ Ներսիսյանը կատարեց, թե՞ Քոչարյանին էլ, Կտրիճ Ներսիսյանին էլ այդպես հրահանգել էր իրենց ընդհանուր «տերը»»,- գրել է Ռուբինյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում մասնավորապես ի թիվս այլ ասելիքի նշված եր հետևյալը.
«Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
![]()