Պուտինը կանչել է խոսելու, սրանք միանգամից «հանվել պառկել են». նախկին նախագահները ՌԴ-ի «հաճախորդն» են

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը աբսուրդ է որակում այն, որ ընդդիմադիր որոշ ուժեր ժողովրդավարական պետությունների համախումբ ներկայացող Եվրամիությանը մեղադրում են հիբրիդային պատերազմի դեմ պայքարում Հայաստանին օժանդակելու հարցում:

Ըստ նրա՝ այս մարդիկ Հայաստանին համարում են ավտորիտար, սակայն իրենք հենց ավտորիտարիզմի սիմվոլն են. «Պարզ է՝ ինչու են հուզվել․ ՌԴ հատուկ ծառայություններից սնվող փողերի դիմաց Եվրամիության միլիոններն են ծառայելու»:

Մկրտչյանի խոսքով՝ Ռուսաստանը «հաճախորդների» պակաս չունի՝ սկսած նախկին նախագահներից, վերջացած նոր դեմքերով:

«Քաղաքական հայտ են ներկայացնում ուժեր, որոնք սատարում են տեռորիստական նկրտումներ ունեցող մարդկանց, անբարոյականի պես հայտարարում են, թե «Հոկտեմբերի 27»-ը էմոցիոնալ պոռթկում էր․ պետությունը պետք է պայքարի սրա դեմ»,- ասում է նա:

Զրուցակիցը նկատում է՝ 2026-ի ընտրություններում փողը լինելու է գերիշխող, կեղտոտ քարոզչություն է տարվելու:

Անդրադառնալով «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Հայաստանում պետք է ռուսական երկրորդ ռազմաբազան ստեղծել, Մկրտչյանն ասում է. «Պուտինը երբ սրանց կանչել է նստել խոսելու, սրանք միանգամից քաղաքական առումով հանվել պառկել են, բայց որ էս աստիճան, չէի պատկերացնում: Սերժիկ Սարգսյանի կառավարման տարիներին ՀՀ հակաօդային պաշտպանության համակարգն ամբողջությամբ հանձնվել է ռուսներին․ ուղղակի քաղաքական ապուշ պետք է լինել, որ իրողությունները չտեսնես»:

Անդրադառնալով ՀՀ-ում իշխանությունը զավթելու կոչերի համար կալանավորված ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբոր որդու՝ Նարեկ Կարապետյանի այն հայտարարություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ բանակցող է, Հարություն Մկրտչյանն ասում է. «Պատկերացրեք՝ մի հեքիաթում ենք հայտնվում, որտեղ Նարեկ Կարապետյանը վարչապետ է, ի՞նչ է բանակցելու, բա ձև գիտեք, կիսվեք: Ղարաբաղի վերադարձնելու ձևը ո՞րն է: Ո՞վ ա ձեր բերանը փակում»:

Քաղաքագետը շեշտում է՝ 2026 թվականի ընտրություններում ժողովուրդը պետք է գրողի ծոցն ուղարկի «5-րդ շարասյանը» և պրոռուսական ուժերին:

Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյանի) շուրջ ստեղծված իրավիճակին, վերջինս նկատում է. «Կարող է «Գելափ»-ը մի հատ էլ հարցում անցկացնի, թե պոռնկությամբ զբաղվող հոգևորականների վերաբերյալ ինչ կարծիք ունեն մարդիկ»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ