«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է 10 եպիսկոպոսների նոր հայտարարությանը:
«Սրբազան հայրերը բարձրաձայնեցին մի ճշմարտություն, որը հնարավոր չէ շրջանցել․ ստեղծված իրավիճակը վտանգավոր է, իսկ ժամանակի կորուստը կարող է դառնալ անդառնալի։ Նրանց խոսքը պատասխանատվության ձայն է՝ կանգնեցնելու այն ընթացքը, որը ներսից թուլացնում է մեր սրբությունը։ Սա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արժանապատվության, եկեղեցու վարկի ու հեղինակության և մեր համազգային դիմադրողականության խնդիր է։
Եթե այսօր լռենք, վաղը կկորցնենք բողոքելու իրավունքը, երբ մեր հոգևոր տունը փորձեն դարձնել շահերի, ազդեցությունների ու օտար օրակարգերի գործիք։
Եկեղեցին կոչված է ծառայելու Աստծուն և ժողովրդին՝ վեր կանգնած անձերից ու կուսակցություններից, վեր կանգնած կարճաժամկետ քաղաքական հաշվարկներից։
Երբ սրբությունը ենթարկվում է աշխարհիկ շահերի, տուժում է ոչ միայն եկեղեցին, այլև խոցելի է դառնում ժողովուրդը։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին մեր տեղը պետք է լինի Սուրբ Էջմիածնում։ Խաղաղ, կարգապահ, խոնարհ, աղոթքով՝ առանց վիրավորանքի ու ատելության։ Որպես այս տան իրական զավակներ ու տերեր՝ պատասխանատվության և հավատքի իրավունքով։
Սա այն պահն է, երբ ներկայությունը դառնում է հավատարմություն։ Եկեք լինենք եկեղեցու կողքին, որպեսզի Սուրբ Էջմիածինը կրկին շնչի մաքրությամբ, իսկ ժողովուրդը՝ վստահությամբ»,- գրել է Բաբաջանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ որոշ ժամանակ առաջ հանդիպած Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսներ հանդես են եկել նոր հայտարարությամբ, որում մասնավորապես ի թիվս այլ ասելիքի նշված եր հետևհայալը.
«Սիրելի՛ հոգևոր եղբայրներ, հավատավոր ժողովուրդ հայոց, սույն թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, եկեք և միացեք մեզ համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ՀԱՆԳՍՏԻ ԿՈՉԵԼՈՒ ԱՐԴԱՐ ՊԱՀԱՆՋՈՎ, որն այլևս դարձել է անհետաձգելի անհրաժեշտություն։ Թող Ամենակարող Աստված օրհնի մեր համազգային առաքելությունը և իրականություն դարձնի հոգևոր սպասավորների և հավատացյալների տարիների երազանքն ու ցանկությունը»։
![]()