Սա աղետ է՝ եկեղեցին հիբրիդային գործիք է

Հասարակությունը սպասում էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս դարձնելու վերաբերյալ նախագծի ընդունմանը, և այն դրական արդյունք կտա։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ մանրամասնելով. «Նախ՝ մենք մեր բանակը տանում ենք պրոֆեսիոնալ բանակի ուղղությամբ և արդեն իսկ ունենք հազարավոր պրոֆեսիոնալ զինծառայողներ, որոնց թիվն օրեցօր ավելանում է։ Այս նախագծի ընդունմամբ պարտադիր զինվորական ծառայություն անցած երիտասարդը 6 ամիս ավելի վաղ կինտեգրվի ուսումնառության պրոցեսում, աշխատաշուկայում և այսպես շարունակ»։ Թեև այս նախագիծը շատ քննադատվեց ընդդիմության կողմից, սակայն, ըստ պատգամավորի, որևէ բացասական ազդեցություն այն չի ունենա երկրի պաշտպանունակության վրա։

Խոսելով ԵՄ-ի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրվելիք 12 միլիոն եվրո աջակցության մասին, որը պետք է օգտագործվի ՀՀ-ի դեմ 2026-ի ԱԺ ընտրություններին նախընթաց շրջանում հիբրիդային սպառնալիքները չեզոքացնելու նպատակով, ինչպես նաև անդրադառնալով ընդդիմության արձագանքին, թե՝ իշխանությունն այսպիսով «դրսից տղա է բերում», այդ գումարը օգտագործելու է ընդդիմադիր գործիչներին «սևացնելու» նպատակով, Արմեն Խաչատրյանը նշեց. «Այսօր ՀՀ-ի դեմ մղվում է շատ ինտենսիվ, ուժեղ տեղեկատվական պատերազմ և հենց ընդդիմադիրների միջոցով։ Երբ ասում են՝ «դրսից տղա են բերում», հենց իրենք են դրսից կառավարվում։ Եվ բոլոր սցենարներն ու պլանները նախագծվում են հենց դրսերում, դրսերի հատուկ ծառայություններում, ինչում մենք մեկ անգամ չէ, որ համոզվել ենք։ Հետևաբար «դրսից տղա բերելու» մասին պնդումները ուղղակի զավեշտալի են։ Ինչ վերաբերում է ԵՄ-ի կողմից տրամադրվելիք 12 միլիոն եվրոյին, ապա նկատեմ, որ մեր ընդդիմադիրները այդքան գումարը գուցե մի երեք ամսվա մեջ են ծախսում։ ՀՀ-ի դեմ մղվող հիբրիդային պատերազմում ծախսվող գումարները տասնյակներով ավելի շատ են, քան այդ 12 միլիոնը, որը տրամադրվելու է կառավարությանը»։

Հարցին՝ արդյոք եկեղեցին նո՞ւյնպես ՀՀ-ի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գործիքներից մեկն է, որը գործի է դրվել ՀՀ պետականության դեմ, ՔՊ խմբակցության անդամն արձագանքեց. «Այո, և իշխանության անհանդուրժողականությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով՝ այսօր եկեղեցին օգտագործվում է ՀՀ պետականության դեմ։ Սա ուղղակի աղետ է։ Եկեղեցին ամբողջությամբ ներգրավված է քաղաքական վայրիվերումների, խաղերի մեջ։ Պետությունը, բնականաբար, պետք է արձագանքի սրան։ Մենք բավականաչափ ինֆորմացիա ունենք առ այն, որ եկեղեցին պայքարում է ՀՀ-ում ժողովրդավարական կարգի դեմ, դրսի ուժերի որոշակի ազդեցության տակ է, ինչը չի կարելի հանդուրժել»։

Արմեն Խաչատրյանի հետ զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ