Պետական տուրքի վերադարձի ընթացակարգը վերանայվում է․ ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում 2026 թվականից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-339-Ն օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է պետական տուրքի վերադարձի և հաշվանցման գործընթացների պարզեցմանը, ժամկետների հստակեցմանը և վարչարարության թվայնացմանը։

Ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում
Տեղեկատվության փոխանցման պահանջի հանման կարգավորում
Օրենքի 36.1-րդ հոդվածի 8-րդ կետից հանվում է դրույթը, ըստ որի՝ գանձապետարանը պարտավոր էր մարված պետական տուրքի պարտավորությունների և վերահաշվարկի արդյունքում վերադարձման ենթակա գումարների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել առանձին լիազոր մարմիններին։ Այս փոփոխությունը նպատակ ունի կրճատել ավելորդ վարչարարությունը և պարզեցնել տեղեկատվական հոսքերը։

Պետական տուրքի վերադարձի վերանայված կարգ
Միասնական հաշվից վերադարձ և հաշվանցում
Նոր խմբագրությամբ սահմանվում է, որ պետական տուրքի միասնական հաշվում առկա գումարները՝

վերադարձվում են պետական տուրք վճարողին կամ
հաշվանցվում են պետական բյուջեի համապատասխան հաշվեհամարին
հարկային մարմին էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա։

Վերադարձի ժամկետները սահմանվում են՝

20 օր՝ ընդհանուր դեպքերում,
10 օր՝ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար։
Վերադարձը սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի օրական 0.03 տոկոսի չափով։

Միասնական հաշվին չհաշվառված գումարների վերադարձ
Պետական տուրքի այն գումարները, որոնք չեն հաշվառվում միասնական հաշվին, վերադարձվում են՝

պետական տուրքը գանձող մարմինների կողմից՝ գանձապետական համակարգի միջոցով,
համապատասխան բյուջեից՝ ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Բացառություն է սահմանվում օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար վճարված պետական տուրքի վերադարձի մասով, որը կատարվում է Կառավարության սահմանած կարգով։

Վերադարձի դիմումի ժամկետներ և ընթացակարգ
Պետական տուրքի վերադարձի դիմումը պետք է ներկայացվի ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում՝ վերադարձի իրավունքի առաջացման օրվանից։
Դիմում ներկայացնելը կասեցնում է երեք տարվա ժամկետի ընթացքը։
Դիմումին պարտադիր կցվում են պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը։
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացված ծառայությունների համար գանձված պետական տուրքը վերադարձվում է Արտաքին գործերի նախարարության սահմանած փաստաթղթավորման կարգով։

Ի՞նչ նպատակ ունի փոփոխությունը
Փոփոխությունները նպատակ ունեն՝

պարզեցնել պետական տուրքի վերադարձի մեխանիզմները,
նվազեցնել վարչարարական բեռը,
ապահովել էլեկտրոնային գործընթացների առավել արդյունավետ կիրառում,
հստակեցնել վերադարձի ժամկետներն ու պատասխանատվությունը դրանց խախտման դեպքում։
Ֆինանսական ազդեցությունը
Նախագծի ընդունումը կարող է առաջացնել պետական բյուջեի ծախսերի աճ՝ գանձապետարանի տեղեկատվական համակարգում անհրաժեշտ ծրագրային փոփոխությունների իրականացման հետ կապված։

Ակնկալվող ազդեցությունը
Պետական տուրքի վերադարձման գործընթացի պարզեցում․ վճարողները կդիմեն միայն մեկ մարմնի և կկարողանան ավելի կարճ ժամկետում ստանալ վերադարձվող գումարը, միաժամանակ բացառելով պետական տուրքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման հետ կապված լրացուցիչ փաստաթղթաշրջանառությունը։

Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետները
Օրենքը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և կիրառվում է այդ օրվանից հետո ծագող հարաբերությունների նկատմամբ՝ որոշ բացառություններով, այդ թվում՝

կազմակերպության լուծարման դեպքում պետական տուրքի պարտավորության դադարեցման դրույթի հետադարձ կիրառմամբ,
պետական տուրքի վերադարձի առանձին դրույթների՝ ուժի մեջ մտնելով համապատասխան ծրագրային ապահովման ներդրումից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ