![]()
«Սիրելի՛ երեխաներ, ուզում եմ ձեզ ծանոթացնել երկու պատգամավորի հետ, որոնք այսօր Ազգային ժողովի նիստերի դահլիճում են: Օրինակ՝ մեկը Հակոբ Արշակյանը, որը բացառիկ զուսպ, բացառիկ լավ, չկոռումպացված և լավ անձնավորություն է, և երկրորդ անձնավորությունը Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, որի օգնականը իրեն թույլ է տալիս տարբեր տեղերում տարբեր լկտի բաներ գրել»:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այս նախաբանով է դիմել խորհրդարան հյուր եկած դպրոցականներին:
Նրա խոսքով՝ Մարգարյանի օգնականը գրել է, թե տոնածառը զարդարում են թանկ խանութից, և մեկնաբանել դա ու նշել՝ «Լափել, լափել մինչև վերջ, Ալե՛ն»:
«Ես առաջարկում եմ Տարոն Մարգարյանն իր օգնականին վերցնի գնա իրենց տուն, որպեսզի իր օգնականը տեսնի՝ լափելը որն է, տանի դատարան, որտեղ պետությունը միայն 2 միլիարդ դրամի փող է պահանջում: Կարող է տանել Սերժ Սարգսյանենց տուն կամ Սարգսյանի փեսայի տուն, կամ մյուս փեսայի տուն, կամ եղբոր տուն, որ այդ օգնականն իմանա՝ լափելը որն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է Ալեն Սիմոնյանը:
Նա նշել է, որ թեև ՔՊ-ն ընդունել է Էթիկայի կանոնագիրքը, բայց ընդդիմադիր գործընկերները լավ կանեն չփորձեն սխալվել:
«Բոլորդ ձեր պատասխանն օրենքի սահմանում ստանալու եք: Հանկարծ չսխալվեք, մեր դաստիարակությունը, մեր պատասխանատվության զգացումը հանկարծ չխառնեք: Ես բոլորի՝ իմ գործընկերների անունից ինձ թույլ եմ տալիս ասել, կրկնում եմ՝ նախընտրական գործընթաց է սկսվում, հանկարծ չսխալվեք»,- հայտարարել է ԱԺ նախագահը:
![]()