Վրեժից դրդված՝ հայրը ձեռքերով խեղդել է 3-ամյա որդուն, դին տարբեր տեղեր տեղափոխել. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Տ.Օ.-ի հայրը վրեժի շարժառիթով 2025 թվականի հոկտեմբերի 27-ին իր մերձավոր ազգական հանդիսացող, անօգնական վիճակում գտնվող, անչափահաս երեխային ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Ծափաթաղ բնակավայրին հարակից դաշտամիջյան հատվածում ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով սպանել է նրան, ապա դիակը դաշտամիջյան տարբեր հատվածներում թաքցնելուց հետո տեղափոխել է Ճամբարակ համայնքի Ջիլ բնակավայր տանող խաչմերուկին հարակից դաշտամիջյան հատված, որտեղ 2025 թվականի նոյեմբերի 2-ին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում դիակը հայտնաբերվել է:

Կատարվել է դիակի արտաքին զննություն, որի ընթացքում Տ.Օ.-ի մարմնի գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ:

Համաձայն դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ 3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության՝ պարանոցի օրգանների բութ առարկաներով սեղմման հետևանքով:

Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (անօգնական վիճակում գտնվողի, անչափահասի սպանությունը մերձավոր ազգականի կողմից):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը ժամը 16:30-ի սահմաններում կորել է։
3-ամյա երեխայի անհետ կորելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (սպանությունը):

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել էին մարմնական վնասվածքներ: Երեխայի հայրը կալանավորվել է:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ էր հայտնել դեպքից՝ հաստատելով, որ տեղի ունեցածը սպանություն է:

Նախարարի փոխանցմամբ՝ նրան հայրն է սպանել խեղդամահ անելու միջոցով: Նախարարի խոսքով՝ ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները դրսում հանդիպել են իրենց հորը, ու հայրը խեղդամահ անելով սպանել է տղային, իսկ թե ինչու այդ հատվածում ավելի վաղ դին չեն կարողացել հայտնաբերել, նախարարը նշել է, որ հայրը դին մի քանի անգամ տեղափոխել է տարբեր հատվածներ:

Նոյեմբերի 4-ին Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրան Օգանեսովին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ