![]()
Այն ուժերը, որոնք ցանկանում են, որ ՀՀ-ի ներքաղաքական, արտաքին քաղաքական իրավիճակը խարխուլ լինի, ամեն ինչ անելու են ՀՀ-ն ապակայունացնելու համար, թույլ չտալու, որ ՀՀ-ն գնա դեպի խաղաղություն ու զարգացում ապրի։ Ուստի ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք 12 մլն եվրոն անհրաժեշտ է նման հիբրիդային հարձակումներին դիմակայելու համար։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Այդ ուժերն իրենց, այսպես ասած, տասովշիկներին ուղարկել են Հայաստան, որպեսզի գան ու այստեղ սուտ ու կեղծիք տարածեն։ Քանիցս տեսել ենք, թե ինչպես տարբեր քաղաքական գործիչներ գնում են տարբեր վայրեր, միտումնավոր նկարահանում են ամենավատը, խոսում են ամենավատ բաների մասին՝ մոռանալով խոսել ամենալավ բաների մասին, մոռանալով իրենց հայրերի կառավարման ժամանակվա թալանի ու մյուս վատ բաների մասին։ Հասարակությանը, այո, պետք է ճիշտը մատուցել։ Գիտեք, որ քիչ լրատվականներ կան, որոնք իրապես ճիշտն են լուսաբանում և չեն ծախվում։ Եվ մենք պետք է տեղեկատվական, կիբերանվտանգության համար ռեալ գործիքակազմով պայքարենք»,- նշեց պատգամավորը։
Խոսելով ապագա խորհրդարանում հայտնվելիք քաղաքական ուժերի մասին՝ պատգամավորը նշեց, որ ՔՊ-ն միանշանակ լինելու է։ «ՔՊ-ի դիմաց չկա մի ուժ, որից կարելի է անհանգստանալ, կաշկանդվել, և հայ ժողովուրդը գիտի այս մասին. ՔՊ-ն միակ ֆավորիտն է՝ իշխանություն դառնալու»։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության՝ ապագա խորհրդարանում հայտնվելու շանսերին և հարցին՝ արդյոք նոր ուժեր և՞ս կհայտնվեն խորհրդարանում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ նոր և հին ուժ չկա, կան Ռոբերտ Քոչարյան և իրենից սնվող կամ իր հետ նարդի խաղացող որոշակի քաղաքական ուժեր, և կան Սերժ Սարգսյան ու նրա ենթակայության տակ եղած մարդկանց զավակներ կամ թոռներ, գուցե նաև՝ ծոռներ»։ Ըստ պատգամավորի՝ ապագա խորհրդարանում քաղաքական ուժերի այլ խճանկար է լինելու։
Խոսելով մասնավորապես քաղաքական դաշտ մուտք գործած նորելուկի՝ Արման Թաթոյանի «Միասնության թևեր»-ի մասին՝ Գրիգորյանը նկատեց. «Թաթոյան Արմանը եղել է Սերժ Սարգսյանի փոխնախարարը, ո՞նց կարող է Սերժի Արմանն այսօր լինել ընդդիմություն կամ այլընտրանք»։
Անդրադարձանք նաև եկեղեցու շուրջ արդեն ամիսներ ձգվող ճգնաժամին։ Ինչպե՞ս այն կհանգուցալուծվի, Գարեգին Բ-ն ինքնակամ կթողնի՞ գահը, թե՞ որոշակի միջոցառումներ իրականացնելու կարիք կզգացվի։ «Որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունեմ, բայց եթե Գարեգին Բ-ն նամուս ունենար, հիմա արդեն գնացած պետք է լիներ։ Պետք է մեր ներսում անենք հոգևոր հեղափոխություն, դառնանք դեպի Աստված։ Կտրիճ Ներսիսյանը վերջին ամոթալի դեպքերից հետո պետք է առնվազն հեռանա և, հուսով եմ, հեռանալուց առաջ էլ ներողություն խնդրի ՀՀ հավատացյալներից։ Հասկացանք, որ ինքն է տնօրինում եկեղեցու գանձարանը, և իր միակ խնդիրը գանձարան տիրապետելն է։ Եթե վաղը վարչապետը հայտարարի, որ գանձարանը տալիս ենք քեզ, դու գնա, ու մարդիկ թող գան, իրապես հայ ժողովրդին պատարագներ մատուցեն, ես վստահ եմ՝ ինքը համաձայնելու է»,- ասաց պատգամավորը։
Նարեկ Գրիգորյանի հետ զրույցի մանրամասները՝ տեսանյութում
![]()