Քաղաքական ճնշում է ՀՀ արդարադատության նկատմամբ. Բաբաջանյանը՝ ՌԴ-ից ակնարկվող ներդրումային կայունության մասին

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինի՝ Հայաստանի վերաբերյալ արված հայտարարությանը:

««Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը Ռուսաստանի մյուս գործարարների համար մտահոգիչ ազդակ է»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։ Նրա խոսքով՝ Կարապետյանի շուրջ տեղի ունեցողը գործարարներին ստիպում է «հարցեր տալ Հայաստանում ներդրումային կլիմայի կայունության մասին» և «դժվար թե նպաստի երկկողմ առևտրի աճող դինամիկայի պահպանմանը»։

Սա ուղիղ քաղաքական ճնշում է Հայաստանի արդարադատության նկատմամբ։ Ես Սամվել Կարապետյանի անմեղությունը չեմ վիճարկում, բայց նույնքան հստակ է՝ Հայաստանում քրեական վարույթները չեն կարող սկսվել կամ դադարեցվել որևէ երկրի պաշտոնյայի հայտարարություններով, «տրամադրություններով» կամ «առևտրի դինամիկայով»։ Եթե կան բավարար հիմքեր՝ գործը պետք է քննվի օրենքով, փաստերով և դատարանում։ Եթե հիմքեր չկան՝ պետք է փակվի՝ նույն օրենքի համաձայն։ Իսկ «եթե քննեք՝ ներդրումները կփոխվեն» տիպի շանտաժը Հայաստանի պետական քաղաքականության մաս չի կարող լինել։

Իրական ներդրողը չի գալիս մի մարդու՝ թեկուզ միլիարդատիրոջ, անձեռնմխելիությունը որպես նախապայման դնելով։ Իրական գործարարը իր փողն ու ռեսուրսը ներդնում է այնտեղ, որտեղ կան պարզ և կանխատեսելի խաղի կանոններ՝ հավասար մրցակցություն, անկախ դատարան, սեփականության վստահելի պաշտպանություն և կոռուպցիայի դեմ հետևողական պայքար։ Մեկի նկատմամբ հարուցված քրեական վարույթը ներդրողի համար անհանգստանալու պատճառ չէ․ անհանգստացնողը այն է, երբ պետությունը թույլ է տալիս, որ արդարադատությունը ձևավորվի արտաքին ճնշումներով ու սպառնալիքներով, ոչ թե օրենքով ու փաստերով։

Հայաստանը պետք է մեկընդմիշտ ամրագրի պարզ սկզբունք՝ օրենքը մեկն է բոլորի համար՝ անկախ անունից, կապերից, ազդեցությունից կամ ծագումից։

Ով ուզում է ներդրում անել՝ թող անի թափանցիկ, օրինական, արժեք ստեղծող ծրագրերով՝ աշխատատեղ, տեխնոլոգիա, արտահանում բերելով։ Իսկ ով փորձում է իրավական գործընթացը փոխարինել քաղաքական շանտաժով, թող իմանա՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկման առարկա չէ»,- գրել է Բաբաջանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ